Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Էդուարդ Մանուկյանի նախագահությամբ, 15 տարվա ազատազրկման է դատապարտել 28-ամյա Արտակ Կարապետյանին, ով մեղադրվում էր Գյումրիի «Շտապօգնության» 65-ամյա բժիշկ Աշոտ Գրիգորյանին իր տան մեջ ծեծելով մահվան հասցնելու մեջ:
Ամբաստանյալն իր վերջին խոսքում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը` նշելով, որ իր արածը խուլիգանություն էր, այլ ոչ մարդասպանություն: Դատարանի վճռից դժգոհ են մնացել թե տուժող կողմը, թե ամբաստանյալն ու նրա պաշտպանը: «Առավոտի» հետ զրույցում Կարապետյանի պաշտպան Թամարա Յայլոյանը կարծիք է հայտնել, որ անարդարացի էր պատիժը, քանի որ իր պաշտպանյալը որեւիցէ մեկին դիտավորությամբ չի սպանել: Նրա նշել է, թե արարքը սխալ է որակված եւ իր պաշտպանյալի հետ որոշ հարցեր կամ հանգամանքներ ճշտելուց հետո հստակ կասի` կբողոքարկեն դատավճիռը, թե ոչ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մեղադրող կողմը դատարանին առաջարկել էր ամբաստանյալ Արտակ Կարապետյանի նկատմամբ որպես պատիժ կիրառել ազատազրկում`16 տարի ժամանակով: Դրա հետ տուժողի իրավահաջորդ Ջուլիետա Գրիգորյանը չէր համաձայնել, նա հայտարարել էր, որ 16 տարին բավական մեղմ պատիժ է: Վերջինս դատարանին խնդրել էր Արտակ Կարապետյանի նկատմամբ առավել խիստ պատիժ սահմանել:
Հիշեցնեք, 2011 թվականի հունիսի 26-ին Գյումրիի ոստիկանությում ահազանգ էր ստացվել, որ քաղաքի Կոմիտերնի փողոցի, երկրորդ նրբանքի թիվ 13 տանը մահացել էր տանտեր Արամայիս Կարապետյանին բուժօգնություն ցույց տված վիրաբույժ Աշոտ Գրիգորյանը: Տանտիրոջ կամ հիվանդի որդին` 28-ամյա Արտակ Կարապետյանը ծեծելով սպանել էր վաստակաշատ բժիշկին:
Բժշկի այրին նշել էր, թե թույլ չի տալու, որպեսզի արտաշիրիմում կատարվի: Արտակ Կարապետյանի հարազատները պնդում են, որ բժիշկ Աշոտ Գրիգորյանի մահը վրա չի հասել ծեծի արդյունքում: Կարապետյանը նեւ ի նշան բողոքի բանտում կարել էր իր բերանը:
Դատարանը երիտասարդին դատապարտել է երկու հոդվածներով` Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է ` դիտավորյալ սպանություն կատարելը, որը նախատեսում է մինչեւ ցմահ ազատազրկում, եւ 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` խուլիգանություն կատարելը` վերջնական պատիժ նշանակելով 15 տարի ազատազրկումը:




























