Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը մայիսի 9-ի տոնը նշում է Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին նա հայտնել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։ «Մենք եկել ենք այստեղ, որպեսզի միասին նշենք այդ փառավոր տոները», - նշել է Միքայել Հարությունյանը։
67 տարի առաջ հաղթանակ էր տարվել ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ, իսկ 20 տարի առաջ ազատագրվել էր Շուշին։ «Դրանք հայ ժողովրդի պատմության փառավոր տոներն են։ Եւ եթե ՀՄՀ-ում հաղթանակն ավելի շատ ավագ սերնդի պատմությունն է, ապա Շուշիի ազատագրումը, Արցախի եւ Հայաստանի միջեւ միջանցքի բացումը մեր օրերի պատմությունն է», - նշել է գեներալը։
«Ես մեր ժողովրդին խաղաղություն եմ մաղթում, որպեսզի պատերազմ չլինի։ Որպեսզի բանակը միշտ ցուցաբերի մասնագիտական բարձր մակարդակ։ Զինված ուժերը պատրաստ լինեն կատարել Հայրենիքի պաշտպանության իրենց առաքելությունը։ Բայց որպեսզի բանակն իր հզորությունը ցույց տար զորավարժություններում եւ ռազմահարթակներում, այլ ոչ թե մարտադաշտում։ Մեր ժողովրդին կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ ցանկանում եմ խաղաղություն եւ բարգավաճում», - եզրափակել է Միքայել Հարությունյանը։
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրը, որի ընթացքում ճակատից չեն վերադարձել շուրջ 300 հազար հայեր։ Մայիսի 9-ը 20 տարի առաջ կրկին հայ ժողովրդի ճակատագրում դարձավ բեկումնային։ Ադրբեջանի հրահրած պատերազմի ընթացքում Շուշին վերածվել էր ադրբեջանական ռազմական հենակետի։ Շուշիի ազատագրման գործողությունն սկսվեց 1992 թվականի մայիսի 8-ի գիշերը։ Հարձակումն իրականացվեց մի քանի ուղղությամբ։ Այն տեւեց շուրջ 26 ժամ։ Արդեն մայիսի 9-ի առավոտյան ժամը 04:00-ին հակառակորդը լքեց Շուշին: Հայկական կողմը կորցրեց 58 մարտիկ, ադրբեջանականը՝ 200:




























