Մայիսի 9-ը համայն հայության տոնն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Արցախյան պատերազմի հերոս Վիտալի Բալասանյանը:

«Ուզում եմ բոլոր հայերին շնորհավորել Մայիսի 9-ի տոնի կապակցությամբ. Սա իրոք նշանավոր օր է, որը միավորում է մի քանի սերունդների եւ մի քանի իրադարձություններ` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը եւ Շուշիի ազատագրումը», - ընդգծեց Բալասանյանը:
Հատուկ ընդգծելով աշխարհը ֆաշիզմից ազատագրելու գործում ավագ սերնդի դերը` Վիտալի Բալասանյանը նշել է, որ Շուշիի ազատագրումը մայիսյան տոների փառավոր ավանդույթի շարունակությունը դարձավ:
 «Դժվար է գերագնահատել այս իրադարձության նշանակությունը, որը փոքրիկ Արցախը կապեց պատմական հայրենիքին», - նշեց Բալասանյանը:

«Ես կրկին շնորհավորում եմ բոլոր հայերին եւ կոչ եմ անում մի կողմ թողնել ամբիցիաները` հանուն համախմբման եւ միավորման: Հայրենիքն ու ազգն ամն ինչից վեր են», - ամփոփեց Վիտալի Բալասանյանը:

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրը, որի ընթացքում ճակատից չեն վերադարձել շուրջ 300 հազար հայեր։ Մայիսի 9-ը 20 տարի առաջ կրկին  հայ ժողովրդի ճակատագրում դարձավ բեկումնային։  Ադրբեջանի հրահրած պատերազմի ընթացքում Շուշին վերածվել էր ադրբեջանական ռազմական հենակետի։ Հակառակորդը, օգտվելով քաղաքի բարձր դիրքից, արդեն 1991թ. Վերջից սկսեց գնդակոծել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը: Իրավիճակը կտրուկ վատացավ 1992թ. փետրվարին, երբ ադրբեջանցի զինվորներն սկսեցին օգտագործել  համազարկային կրակի «Գրադ» սարքավորումներ;
Շուշիի ազատագրման գործողությունն սկսվեց 1992 թվականի մայիսի 8-ի գիշերը ժամը 02:45-ին։ Շուշին պաշտպանում էին մինչեւ ատամները զինված ադրբեջանցի 2500 զինվորներ: Հարձակմանը հայկական կողմից մասնակցում էին 3800 կամավորներ` Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի ղեկավարությամբ:

Ճակատի պարագիծը կազմում էր 45 կմ:  Հարձակումն իրականացվեց մի քանի ուղղությամբ։ Այն տեւեց շուրջ 26 ժամ։ Արդեն մայիսի 9-ի առավոտյան ժամը 04:00-ին հակառակորդը լքեց Շուշին: Հայկական կողմը կորցրեց  58 մարտիկ, ադրբեջանականը՝ 200: