Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը դարձել է Ռուսաստանի նոր վարչապետը: Այսօր`մայիսի 8-ին, նրա թեկնածությանը կողմ են քվեարկել Պետդումայի պատգամավորները: Մեկ օր առաջ Դ. Մեդվեդեւի թեկնածությունն առաջարկել էր Ռուսաստանի նոր նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «Ռոսբալտը»:

Նրա նշանակմանը կողմ է քվեարկել  299 պատգամավոր, դեմ` 144-ը: Քվեարկությունն անցել է բաց: Նրա թեկնածությանը կողմ են քվեարկել «Եդինայա Ռոսիա» եւ ՌԼԴԿ խմբակցությունները, դեմ են հանդես եկել  ՌԴԿԿ-ն եւ «Սպրավեդլիվայա Ռոսիան»:

Իր թեկնածության հաստատումից հետո Մեդվեդեւը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին իրեն վստահելու համար եւ խոստացել է աշխատել «առանց ջանք խնայելու», որպեսզի կատարի բոլոր այն խոստումները, որոնք տվել են  Ռուսաստանի նախագահը եւ ինքը վերջին քաղաքական իրադարձությունների ընթացքում: 

«Ես միանգամայն վստահ եմ, որ եթե մենք միասին աշխատենք,  կարող ենք հասնել այդ արդյունքներին:  Ես գրանցել եմ խմբակցությունների ներկայացուցիչների ելույթները եւ ցանկանում էի մեկնաբանել նրանց առաջարկությունները, սակայն հետո մտածեցի, որ դա մարդասիրական չի լինի»: Այդ արտահայտությունն ընդունվել է բուռն ծափահարություններով Պետդումայի պատգամավորների կողմից: Դ. Մեդվեդեւի փոխարեն  պատգամավորների ելույթներն սկսել է մեկնաբանել Վ. Պուտինը: 

Պետդումայում նիստից հետո Վ. Պուտինն ստորագրել է Դ. Մեդվեդեւին ՌԴ կառավարության  նախագահ նշանակելու  վերաբերյալ հրահանգը, հաղորդում է  Կրեմլի մամլո ծառայությունը: այժմ  նոր վարչապետ Դ. Մեդվեդեւը պետք է ձեռնամուխ լինի սեփական կառավարության ձեւավորմանը: