Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո յոթերորդ օրը հրապարակելու է ընտրությունների վերջնական արդյունքները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Նշենք, որ յոթերորդ օրը մայիսի 13-ն է:
Հարցին, թե երբ է ԿԸՀ-ում կայանալու պատգամավորական մանդատների հատկացման արարողությունը, մամուլի քարտուղարը նշեց, որ ԿԸՀ-ն դեռ նման որոշում չունի:
Նշենք, որ մայիսի 6-ին կայացած ընտրություններին Հայաստանի հանրապետական կուսակցությունն ստացել է 44,05% (663 066 ձայն), «Բարգավաճ Հայաստանը»` 30,20% (454 684 ձայն), Հայ ազգային կոնգրեսը 7,10% (106 910 ձայն), «Ժառանգությունը»` 5,79% (87 095 ձայն), ՀՅԴ-ն` 5,73% (86 296 ձայն), «Օրինաց երկիրը»` 5,49% (82 690 ձայն), Հայաստանի կոմունիստական կուսակցությունը` 1,06% (15 933 ձայն), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը` 0,37% (5633 ձայն), «Միավորված հայերը»` 0,20% (3080 ձայն):
Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է 5%-ից ավելի հավաքել, իսկ դաշինքներին` 7%-ից: Այդկերպ, Հայաստանի խորհրդարան կմտնեն 5 կուսակցություններ եւ մեկ քաղաքական դաշինք:
Մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ն ունի 29 մանդատ, ԲՀԿ-ն` 8: Մեկական պատգամավոր էլ ընտրվել են ՀՅԴ-ից եւ ՕԵկ-ից: Խորհրդարան են անցել եւս երկու անկախ պատգամավորներ:




























