Հայաստանի Սահմանադրական դատարանում (ՍԴ) ընթացող դռնփակ քննարկումը պայմանավորված է նրանով, որ հիմնականում դիտարկվում են զինծառայողների քվեարկությանը վերաբերող հարցեր։ Հունիսի 30-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը, որը Սահմանադրական դատարանում ներկայացնում է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ «Հայաստան» դաշինքի դիմումը։

Նախորդ օրը երեկոյան ՍԴ-ն՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով ընդդիմադիր ուժերի դիմումի քննության շրջանակում, անցել էր աշխատանքի դռնփակ ձևաչափի։

«Քննարկվում են հիմնականում զինծառայողների քվեարկության հետ կապված հարցեր։ Կան նաև նախաքննական և ռազմական գաղտնիք պարունակող տարրեր»,- պարզաբանել է փաստաբանը։

Նա նաև անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներով քվեաթերթիկների և ստորագրությունների թվի միջև առկա 27 հազարի տարբերությանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) դա բացատրել էր զորամասերում կամ քրեակատարողական հիմնարկներում քվեարկած անձանց գործոնով։ Բանն այն է, որ Հայաստանում գործող օրենսդրության համաձայն՝ այդ կատեգորիայի քաղաքացիների ցուցակները չեն հրապարակվում։

Այդուհանդերձ, Խուդոյանի խոսքով, եթե նույնիսկ հանենք նշված խմբերի անձանց թիվը, միևնույն է՝ մնում է 10 հազարի տարբերություն։ Նա չի բացառել, որ կարող էին տեղի ունեցած լինել քվեաթերթիկների զանգվածային լցոնումներ։