Ամեն ինչ դեռ առջևում է, հիմա մենք սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը, դրանից հետո կորոշենք մեր հետագա քայլերը. ՍԴ–ից ակնկալում ենք երկրորդ փուլ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 30–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Դիտարկմանը, որ քաղաքագետներն ասում են, որ նոր ընտրությունների դեպքում իշխանության շանսերը ավելի են մեծանալու, նա ասաց. «Իշխանությունը ոչ ունեցել է շանս, ոչ էլ կունենա։ Իրենք ընտրախախտումներով ինչ-որ թվեր են նկարել, ինչը հիմա Վարդևանյանը Սահմանադրական դատարանում ապացուցում է»։

Անդրադառնալով նրան, որ այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն հերթական ձայնագրությունն է հրապարակել, որտեղ հնչում է նաև իր անունը, Գեղամ անունով մի տղա ասում է, որ իրեն անձամբ ճանաչում է, ասում է, որ գնամ, չամադանով փողեր է տալու, Սամվել Կարապետյանը ժպտալով ասաց. «Դե գոնե իմանանք Գեղամն ով է։ Դե ու՞ր է, գտեք, բերեք Գեղամին, ես չգիտեմ ում մասին է խոսքը։ Ես իհարկե, չեմ լսում այդ ձայնագրությունները, ինչի՞ս է պետք, որ լսեմ»։

Հարցին՝ ինչո՞ւ դատի չի տալիս Հակակոռուպցիոն կոմիտեին, նա դիմեց իրենց փաստաբան Արամ Վարդևանյանին. «Պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք

Ինձ թվում է, դուք էլ եք հոգնել, մենք էլ ենք հոգնել, իրենց միակ շանսը ժողովրդին բժշցրին այդ ձայնագրություններով, իրենց գործը արեցին։ Իրենք ամեն օր մեր երկիրը տանելու են կործանման։ Դուք դա կտեսնեք ձեր աչքերով, դրանից հետո մեր ժողովուրդը իր խոսքը կասի»։

Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը սպառնում է ունեզրկել ընդդիմության լիդերներին, այդ թվում իրեն, Սամվել Կարապետյանն ասաց. «Դուք պատկերացո՞ւմ եք դա։ Ես չեմ պատկերացնում, ինձ թվում է, որ ինքն էլ չի պատկերացնում, խոսում ա էլի։ Էդ մարդը 8 տարի խոսում է, հիմա մի քիչ էլ կխոսի։ Միայն դրանով իրենք կարողանում են արդարացնել իրենց ապօրինությունները, պրոֆեսիոնալ ստերով բժժցնեն ժողովրդին, խաբեն իրենց ստերով, ցույց տան, որ իրենք հաղթել են։ Իրենք լավ գիտեն, որ չեն հաղթել»։

Հարցին՝ ինչո՞ւ չեն գեներացնում ժողովրդին, դուրս չեն բերում փողոց, նա արձագանքեց. «Բայց ի՞նչ գիտեք, որ չենք գեներացնում։ Գեներացնելը ժամանակի հետ է կապված, կգեներացնենք, մի օր դուրս կգանք»։ Խոսելով իրենց ուժի կողմից ընտրակաշառքներ բաժանելուն, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդն ասաց. «Կարո՞ղ եք բերել մեկ փաստ, կարո՞ղ եք հայտնաբերել մեկ մարդ, ում մենք փող ենք տվել։ Ձայնագրությունները մեզ համար փաստ չեն։ Մենք ամեն ինչ կհայտնաբերենք, բոլորը պատասխանատվության կենթարկվեն, թե ձայնագրողները, թե անողները, թե ընտրություններ կեղծողները, մի վռազեք»։