ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ ողջունում է ընտրությունների դիտարկման միջազգային առաքելության եզրակացությունների ու նախնական դատողությունների մասին հայտարարությունը:
Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի եւ Եվրոպական հարեւանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարության մեջ:
Իրենց հայտարարության մեջ ԵՄ ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի իշխանությունների ջանքերն այնպիսի ընտրությունների անցկացման ուղղությամբ, որոնց ընթացքում առաջընթաց է արձանագրվել ավելի թափանցիկ եւ մրցակցային ընտրական գործընթացի ուղղությամբ:
«Այդուհանդերձ, ընտրությունները ցույց տվեցին մի շարք հարցեր լուծելու անհրաժեշտությունը, որպեսզի դրանք լիակատար կերպով պատասխանեն միջազգայնորեն ընդունված ժողովրդավարական չափորոշիչներին: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին` վերացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի արձանագրած բացթողումները 2013թ. նախատեսված նախագահական ընտրությունների նախօրեին:
Միեւնույն ժամանակ մենք ողջունում ենք, որ Ազգային ժողովում ներկայացված են լինելու վեց քաղաքական կուսակցություններ: Դա դրականք այլ է Հայաստանում բազմակարծ եւ ժողովրդավարական քաղաքական մշակույթի զարգացման ուղղությամբ: ԵՄ-ն կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին զերծ մնալ հակաօրինակ գործողություններից եւ շարունակել քաղաքական երկխոսությունը:
Ընդդիմության եւ իշխանության միջեւ կառուցողական երկխոսությունը կարեւոր է երկրում կայունության ամրապնդման համար»,- ասված է հայտարարության մեջ:




























