Քարդիֆի համալսարանի բրիտանացի գիտնականների կողմից անցկացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ծամոն ծամելը բացասական է անդրադառնում կենտրոնանալու եւ հիշողության կարողությունների վրա, հայտնում է mignews.com.-ը:

Փորձարկման ընթացքում մասնակիցներին առաջարկվել է հիշել որոշակի կարգով բառեր եւ թվեր: Երբեմն նրանց դրանք ցույց են տրվել, երբեմն կարդացվել են: Բացի այդ, մարդկանց առաջարկվել է նաեւ որոշել, թե որ առարկաներն են անհետացել այն շարքից, որը մինչ այդ իրենց ցույց է տրվել:

Փորձարկման ընթացքում մարդիկ անընդհատ ծամոն էին ծամում: Պարզվել է, որ գործնականորեն նրանք բոլորը դժվարություններ են ունեցել բառերի, թվերի, առարկաների հերթականությունը հիշելու հետ: Դա հատկապես ուժեղ էր սկսում արտահայտվել ծամելուց մոտավորապես 20 րոպե հետո:

Այդ հետազոտության արդյունքները հիմնովին քայքայում են վերջին տարիների նորաձեւ տեսությունը, ըստ որի ծամելու ընթացքը լավ ազդեցություն է թողնում հիշողության վրա: Այս փաստը գիտնականները բացատրում են հետեւյալ կերպ. ծամոն ծամելը անընդհատ կրկնվող, բավականին մոնոտոն գործողություն է: «Երբ մենք նյարդայնանում ենք եւ սկսում ենք մատներով հարվածել սեղանին, իսկ այդ ժամանակ անհրաժեշտ է հիշել, օրինակ, հեռախոսի համար, հաճախ մեզ դա չի հաջողվում: Ծամոն ծամելիս նույն բանն է տեղի ունենում, այն շեղում է», - ասում են նրանք: