Ազատության հրապարակում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը, որը առաջինն է խորհրդարանի մայիսի 6-ի ընտրությունից հետո:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, հանրահավաքին մասնակցում են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ՀԱԿ-ին մաս կազմող այլ ուժերի ներկայացուցիչներ:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն իր խոսքում հայտարարեց, որ ընտրությունները լկտիորեն կեղծվել են: «Մեր թիմը հաշվարկել է բոլոր ընտրացուցակները, եւ բնակչության թիվը իրականում 30-35 տոկոս պակաս է մարդահամարի տվյալներից: Մինչդեռ ըստ պաշտոնական տվյալների, ընտրություններին մասնակցել են 100 տոկոսը: Ավելի շատ մարդ է մասնակցել, քան կա Հայաստանում»,-ասաց նա:
Արամ Մանուկյանի խոսքով, ամբողջ այլանդակությունը հիմնականում արվել է Երեւանից դուրս: «Երեւանից դուրս մասնակցել են 1,2 մլն, իսկ Երեւանում` 400 հազար: Մանուկյանը ներկայացրեց կոնկրետ տեղամասեր, որտեղ 90-95 տոկոս մասնակցություն է գրանցվել: 15/26 ընտրատեղամասում, որ մարզպետի հարազատ գյուղն է, 102 տոկոս մասնակցություն է գրանցվել: Ցուցակում կա 84 մարդ, քվեարկել է 86-ը»,-ընդգծեց ՀՀՇ ղեկավարը:
Նշենք, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որի նախնական արդյունքներով` Ազգային ժողով են անցնում 6 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ եւ ՕԵԿ: Ըստ այդմ, ՀՀԿ-ն ստացել է 44,05 տոկոս ձայն, ԲՀԿ-ն` 30,2 տոկոս ձայն, ՀԱԿ-ը` 7,1 տոկոս ձայն, «Ժառանգությունը»` 5,79 տոկոս ձայն, ՀՅԴ-ն` 5,73 տոկոս ձայն, ՕԵԿ-ը` 5,49 տոկոս ձայն:
Ընտրություններին մասնակցող մյուս երեք քաղաքական ուժերը` Կոմկուս, Դեմկուս եւ «Միավորված հայեր», չեն հաղթահարել 5 տոկոսի շեմը:




























