Ստալինի ավագ որդին ` Յակով Ջուղաշվիլին սպանվել է 1943 թ-ին Զակսենհաուզենի համակենտրոնացման ճամբարում, քանի որ հրաժարվել էր կատարել ժամապահի հրամանը, այդ մասին են վկայում վերջերս գաղտնազերծված փաստաթղթերը:

Ինչպես լրագրողներին ասել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ռազմական պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Միխայիլ Զուեւը, Յակով Ջուղաշվիլին 1941թ. հուլիսին, լինելով 14-րդ տանկային դիվիզիայի գումարտակներից մեկի հրամանատարը, Լյասնովոյի շրջանում գերի է ընկել:

Փաստաթղթերում նշվում է, որ 1942թ. Ջուղաշվիլիին պահել էին Գոմելսբուր քաղաքի մոտ գտնվող ճամբարում, իսկ 1943թ. մարտին նրան տեղափոխել են Զակսենհաուզենի հատուկ ճամբար:

Ջուղաշվիլին 1943թ-ին զբոսանքի ժամանակ չի ենթարկվել ժամապահի պահանջին, հայհոյել է նրան եւ ասել` «դե, կրակիր»: Ժամապահն էլ կրակել է:

Մինչ օրս Յակով Ջուղաշվիլիի մահվան երկու վարկած կա. առաջինի համաձայն` նա մահացել է գերության մեջ, մյուս վարկածով` կռվի դաշտում: