Լիբիական իշխանությունները փորձում են գերի վերցված ուկրաինացիներին փոխանակել երբեմն Մուամար Քադաֆիին պատկանող Ան-74 ինքնաթիռի հետ, որն այս պահին գտնվում է Գոստոմելի օդանավակայանում: Բանն այն է, որ այն ժամանակ Լիբիան Ուկրաինայի հետ Ան ինքնաթիռների վերանորոգման պայմանագիր ուներ եւ այդ ինքնաթիռը այդպես էլ մնաց ուկրաինական օդանավակայանում:

Խոսքը 2009 թվականին հատուկ պատվերով արտադրված Ան-74 մասին է. ոսկով եւ թանկարժեք քարերով զարդարված այդ մեքենայի արժեքը կազմում է 25 մլն դոլար:

Ապստամբները պահանջում են իրենց վերադարձնել այդ օդանավը, իսկ Կիեւը, իր հերթին, պահանջում է սկզբում վճարել ինքնաթիռի վերանորոգման դիմաց եւ բաց թողնել գերիներին, գրում է թերթը:

Լիբիայում պահվող Ուկրաինայի, Ռուսասատանի եւ Բելառուսի քաղաքացիների վերաբերյալ հերթական դատական նիստը պետք է կայանար մայիսի 1-ին: Սակայն Աշխատավորների օրվան նվիրված տոնախմբությունների պատճառով դատավորը պարզապես դուրս չէր եկել աշխատանքի եւ լսումները հետաձգել է մայիսի 8-ին:

ԱՊՀ երկրների քաղաքացիները կալանավորվել են անցած տարվա օգոստոսին Քադաֆիի եւ ընդդիմադիր ուժերի դիմադրության կիզակետում: Հեղափոխականները նրանց մեղադրել են երկրի էքս-առաջնորդի բանակի տեխնիկան վերանորոգելու մեջ: