Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը ԱԺ պատգամավորի մանդատը չվերցնելու որոշում չունի: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

«Ճիշտ կլինի այդ մասին խոսել խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփելուց հետո, սակայն ոչ ես, ոչ Հայ ազգային կոնգրեսը մանդատը չվերցնելու որոշում  չունենք»,-նշեց նա:

Նշենք, որ այսօր` մայիսի 8-ին, Ազատության հրապարակում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը չի վերցնելու պատգամավորական մանդատը: Սա նշանակում է, որ խորհրդարանում ՀԱԿ-ի 7 հոգանոց խմբակցությունում կլինեն Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Հրանտ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ նախքան ընտրությունները Արամ Սարգսյանի կուսակիցները հավաստիացրել էին, որ Արամ Սարգսյանը պատգամավորի մանդատը չի վերցնելու: Այդ դեպքում, ՀԱԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր կդառնա նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: