Դժվար թե Ֆրանսիայի նոր նախագահ Ֆրանսուա Օլանդը թշնամություն հրահրի Թուրքիայի հետ` օրինագծեր ներկայացնելով:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ֆրանս-թուրքական TurNkey կազմակերպության հիմնադիր Ֆրեդերիկ Ֆարը, պատասխանելով հարցին, թե ինչպես կազդի «հայկական օրինագիծը» ֆրանս-թուրքական հարաբերությունների վրա:

Նշենք, որ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի ԱԺ-ի եւ Սենատի կողմից ընդունվել է, սակայն մերժվել է Սահմանադրական խորհրդի կողմից: Սարկոզին եւ Օլանդը հայտարարել են, որ նմանատիպ նոր օրինագիծ կներկայացնեն:

TurNkey-ն Թուրքիայիում օտարերկրյա ընկերություններին աջակցություն է ցուաբերում եւ գործում է 2004-ից սկսած:

«Չեմ կարծում, որ այս պահին կարելի է խոսել ազդեցության մասին: Թուրքիայում, բացի ֆրանսիացիներից, կան այլ բազմաթիվ առեւտրային գործընկերներ եւ ֆրանսիական ընկերությունների համար արդեն բավական դժվարություններ կան»,-ասել է նա:

«Օլանդի դիրքորոշումն այս հարցում դեռ հստակ չէ, բայց կարծում եմ, որ նա թշնամություն չի հրահրի եւ լինելով նախագահ, չի օգտագործի իրավիճակն ու այդ խնդիրը կթողնի նախընտրական քարոզարշավի շրջանակներում»,-հավելել է ֆրանսիացի գործարարը: