Հայաստանը հետևողականորեն իրականացնում է տնտեսության և արտաքին կապերի դիվերսիֆիկացման քաղաքականություն՝ Եվրամիությունը դիտարկելով որպես առանցքային նոր շուկաներից մեկը, միաժամանակ նպատակ չդնելով խզել հարաբերությունները տնտեսական այլ գործընկերների հետ։ Դրա մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց խորհրդարանական «ՔՊ» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։
Նրա խոսքով՝ երկրի կառավարության համար ռազմավարական նշանակություն ունի արտահանման ուղղությունների ընդլայնումը և մեկ շուկայից կախվածության նվազեցումը։
«Քաղաքական մեծամասնության համար ռազմավարական նշանակություն է ունեցել արտահանման դիվերսիֆիկացումը։ Մենք նոր չէ, որ սկսել ենք խոսել այդ մասին»,- նշեց Ղազարյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի հարաբերությունները Եվրոպական Մության հետ զարգանում են միանգամից մի քանի ուղղություններով՝ վիզաների ազատականացումից և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումից մինչև տնտեսական համագործակցություն և հիբրիդային սպառնալիքներին դիմակայում։
Պատգամավորը մատնանշեց նաև արտահանման հնարավորությունների ընդլայնումը։
«Գյուղատնտեսական ապրանքները վերջապես ելք ստացան դեպի Եվրամիություն… մենք հնարավորություն ստացանք գյուղատնտեսական ապրանքներ արտահանել ԵՄ անդամ երկրներ»,- ասաց նա՝ հավելելով, որ քննարկվում է նաև ATM մեխանիզմը, որը կարող է ապահովել մի շարք ապրանքների անմաքս արտահանումը ԵՄ շուկա։
Արձագանքելով ԵՄ և ԵԱՏՄ շուկաների համեմատության վերաբերյալ քննադատություններին՝ Ղազարյանն ընդունեց եվրասիական ուղղության կարևորությունը, սակայն ընդգծեց ռազմավարական ճկունության անհրաժեշտությունը։
«Անշուշտ, Հայաստանը շատ լավ դիրքեր ունի ԵԱՏՄ-ում… բայց առևտուրը երկկողմանի գործարք է»,- հայտարարեց նա։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն մաքսային միություններ են, և դրանցում միաժամանակյա անդամակցությունն անհնար է։
«Մենք չպետք է բևեռացնենք այս դիսկուրսը… կարելի է ունենալ բազմաթիվ շուկաներ»,- նշեց պատգամավորը՝ որպես օրինակ բերելով հայկական արտադրանքի արտահանումը ոչ միայն Ռուսաստան, այլև ԵՄ երկրներ և Սինգապուր։
Մեկնաբանելով Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական հակամարտության մասին պնդումները՝ Ղազարյանը շեշտեց, որ Երևանի որոշումները հիմնված են բացառապես ազգային շահերի վրա։
Նրա խոսքով՝ «ոչ ոք, բացի Ռուսաստանից, հնարավորություն չունի փչացնելու Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները»։
«Հայաստանը շատ հաճախ արձագանքում է իրադարձություններին։ Դուք հիշում եք և՛ զենքի վաճառքի ձգձգումը, կարելի է ասել՝ անհնարինությունը, և՛ ՀԱՊԿ-ի դիրքորոշումը Հայաստանի սահմանների վերաբերյալ, և՛ Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև «լողացող» սահմանի վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ որևէ կենտրոն՝ Արևմուտք թե Արևելք, չի կարող որևէ կերպ վերածվել Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների խոչընդոտի ավելի շատ, քան Ռուսաստանը։ Եվ շատ հաճախ Հայաստանը ստիպված է արձագանքել Ռուսաստանի կողմից կիրառվող որոշ գործիքակազմերին»,- ասաց պատգամավորը։
«Հայաստանի Հանրապետությունն իր ցանկացած որոշում ընդունում է՝ հիմնվելով այն բանի վրա, թե որքանով այն կսպասարկի պետական շահերը… և մեր քաղաքացիների անվտանգությունը»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ անվտանգության հասկացությունը ներառում է ոչ միայն ռազմական բաղադրիչը, այլև տնտեսական ու էներգետիկ դիմակայունությունը։
Պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանը նպատակ չի դնում առճակատման գնալ Ռուսաստանի հետ, սակայն պնդում է ինքնիշխան հավասարության սկզբունքը։
«Ռուսաստանը մեզ համար կարևոր գործընկեր է, և որևէ մեկը չի պատրաստվում թշնամանալ Ռուսաստանի հետ։ Բայց երկկողմ հարաբերություններում ոչ մի դեպքում մեր ինքնիշխանությունը չի կարող ստորադասվել»,- հայտարարեց Ղազարյանը։











