Դատավոր Վահե Դոլմազյանը վստահեցնում է, որ թե՛ դատավոր եղած ժամանակ, թե՛ նախկինում՝ քննիչ աշխատելիս, միշտ առաջնորդվել է օրենքի տառով և իրավունքով։ Այս մասին նա հայտնել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում՝ դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ, պատասխանելով երկրի վարչապետի կողմից դատական համակարգի ընդհանուր և որոշ դատավորների հասցեին հնչեցված մի շարք մեղադրանքների վերաբերյալ հարցին։ Հիշեցնենք, որ Փաշինյանի կարծիքով՝ աղմկահարույց գործերով արդարացման վճիռները պայմանավորված են դատավորների ստացած կաշառքներով։ Հայտարարելով, որ քաղաքական հայտարարությունները չի մեկնաբանի, Դոլմազյանն իր հասցեին հնչած՝ արդյոք ինքը կաշառք վերցրե՞լ է հարցը համարեց անիմաստ։ Այն հարցին, թե արդյոք նույն եռանդով, ինչպես հիմա դատում է անցանկալի անձանց, ապագայում պատրաստ կլինի դատել նաև ներկայիս իշխանություններին, դատավորը պարզաբանեց, որ կարևոր չէ, թե ով է ամբաստանյալի աթոռին, կարևոր է իրավախախտման փաստը։ Խնդրանքին՝ պարզաբանել, թե արդյոք կարող է օբյեկտիվ դատավոր մնալ գործարար և բարերար, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով՝ լսելով երկրի առաջին դեմքի հայտարարությունները, թե «Կարապետյանը պետք է նստի», Դոլմազյանը նշեց, որ պետության ղեկավարը կարող է տարբեր քաղաքական հայտարարություններ անել, իսկ յուրաքանչյուր դատավոր գործը քննում է ամբողջության մեջ։ «Եթե Կարապետյանին չկալանավորեք, չե՞ք վախենում։ Փաշինյանն ասում է՝ եթե չեք բանտարկում, ուրեմն կաշառք եք վերցրել»,- շարունակում էին պնդել լրագրողները։ Դոլմազյանը հայտարարեց, որ գործընթացը բաց է, և առաջարկեց, որ եզրակացություններն իրենք անեն։
«Անիմաստ հարց է». Դոլմազյանն անխոհեմ է համարում դատավորների՝ կաշառք վերցնելու մասին հարցը
Հասանելի է
русский










