Երեւանի Աբովյան 3 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանին (ԱՕԿՍ-ի շենք) որեւէ վտանգ չի սպառնում: Այս մասին պարզաբանում է տարածել Մշակույթի նախարարությունը:
Պարզաբանման մեջ ասվում է.
«Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության (հանրության շրջանակներում հայտնի ԱՕԿՍ-ի) շենքի շուրջ բարձրացված աղմուկի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնում է, որ այն անհիմն է եւ Աբովյան 3 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանին որեւէ վտանգ չի սպառնում: Խնդիրն առնչվում է շենքի հետնամասում` Լալայանց փողոցի վրա գտնվող կցակառույցի եզրամասին: Ամիսներ առաջ ՀՀ մշակույթի նախարարությունը քննարկել է Երեւանի քաղաքապետարանի կողմից Պուշկինի եւ Լալայանց փողոցների միջանկյալ տարածքում իրականացվող քաղաքաշինական ծրագիրը եւ արձանագրել պատմական միջավայրի պահպանման եւ օգտագործման մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ առաջարկել է`
ա/ Լալայանց փողոցի նոր կառուցապատման նախագիծը մշակել 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի պատմական միջավայրին հարազատ եւ ապահովել փողոցի հորինվածքի տարածական ու տեսողական ընկալումը եւ ընդհանրությունը,
բ/ կատարել կցակառույցի ուսումնասիրման եւ չափագրման աշխատանքները` հաշվի առնելով շինության վիճակը, նախկինում կատարված փոփոխությունները եւ մշակել վերականգնման ու վերակառուցման նախագիծ,
գ/ աշխատանքների ընթացքում իրականացնել հարակից տարածքում առկա հուշարձան-շենքերի հիմքերի եւ ստորգետնյա պատերի ամրացում:
Վերոնշյալ առաջարկները 2012 թ. հունվարի 24-ի N 01/14-1/1509-12 գրությունով ուղարկվել է Երեւանի քաղաքապետարան, որտեղ եւ բարձրացված խնդիրները ընդումվել են: Հաշվի առնելով ներկայացված դիտողություններն ու առաջարկությունները, <<Լոկալ Դիվեոփըրզ>> ՍՊԸ-ն ՀՀ մշակույթի նախարարության քննարկմանն է ներկայացրել նոր էսքիզային նախագիծ, որը համաձայնեցվել է, ինչպես նաեւ սեփականատերը ստորագրել է պահպանական պարտավորագիր: Միաժամանակ սեփականատերը գրավոր իրազեկվել է, որ օրենքով սահմանված կարգով Լալայանց փողոցի կառուցապատման եւ Աբովյան 3 հուշարձան-շենքի կցակառույցի վերակառուցման աշխատանքային նախագծերը անհրաժեշտ է համաձայնեցնել ՀՀ մշակույթի նախարարության հետ:
Վերը նշված հարցերի վերաբերյալ այսօր պաշտոնական պարզաբանումներ են տրվել ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանի եւ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանի կողմից:




























