Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Կարմիր հրապարակում բացելով Հաղթանակի զորահանդեսը, հայտարարել է, որ խորհրդային զորքերի կողմից ֆաշիստական Գերմանիայի ջախջախումը Ռուսաստանին աշխարհում իր դիրքորոշումները պնդելու անվիճելի բարոյական իրավունք է տալիս:
«Ռուսաստանն աշխարհում անվտանգության ամրապնդման քաղաքականություն է վարում: Մենք բարոյական մեծ իրավունք ունենք պնդելու մեր դիրքորոշումները, քանի որ մեր երկիրն իր վրա ընդունեց նացիզմի գլխավոր հարվածը, թշնամուն դիմավորեց հերոսական հակահարվածով, վճռեց պատերազմի ելքը, ջախջախեց թշնամուն, ազատություն շնորհեց ամբողջ աշխարհի ժողովուրդներին», - ասել է Պուտինը, գրում է «Ռոսբալտը»:
Նա նաեւ հիշեցրել է, թե ինչպես առաջացավ ֆաշիզմը եւ կոչ է արել նման ողբերգության կրկնությունը կանխելու համար պահպանել միջազգային նորմերը եւ հարգել յուրաքանչյուր երկրի պետական ինքնիշխանությունը:
Զորահանդեսին մասնակցում են 14 հազարից ավելի զինծառայողներ. սպաներ, սերժանտներ եւ զորամասային ստորաբաժանումների զինվորներ եւ ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտներ:
Շուրջ 100 միավոր տեխնիկան կազմված է «Տիգր» ավտոմեքենաներից, ԲՏՌ-80 զրահամեքենաներից, Տ-90 տանկերից, ինքնագնաց «Բուկ-Մ2» հրետանային համակարգերից, զնիթային հրթիռա-թնդանոթային «Պանցիր Ս-1» համալիրներից, զենիթային Ս-400 հրթիռային համակարգերից, ինչպես նաեւ «Իսկանդր-Մ» եւ «Տոպոլ-Մ» հրթիռային համալիրների մեկնարկային սարքավորումներից:
Շքերթն սկսվել է Ռուսաստանի պետական դրոշի եւ Հաղթանակի խորհրդանիշի հանդիսավոր մուտքով` Ալեքսանդր Ալեքսանդրովի «Սրբազան պատերազմ» երգի հնչյունների ներոքո, որը կատարել է ավելի քան հազար երաժիշտներից բաղկացած զինվորական նվագախումբը:
Շքերթը կեզրափակի տրանսպորտային-մարտական Մի-8 ուղղաթիռների թռիչքը, որոնք Կարմիր հրապարակ վերեւով կտանեն Ռուսաստանի, Զինված ուժերի, ինչպես նաեւ ցամաքային, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի դրոշները:




























