Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի դարավոր երազանքի իրականացումն էր: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` Ստեփանակերտում Շուշիի ազատագրման, ԼՂՀ Պաշտպանության բանակի 20-ամյակին եւ Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ:
«Սրտանց շնորհավորում եմ Հաղթանակի, Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման կապակցությամբ: Այս տոնը ամենանշանակալի ժողովրդական տոներից մեկն է դարձել»,- նշել է Բակո Սահակյանը:
ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ այդ տոնն արտացոլում է հայ զինվորի ազատությունն ու աննկուն ոգին:
ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ դարեր շարունակ գերության մեջ գտնվող Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի դարավոր երազանքի իրականացումն էր: Ներկայումս Շուշին վերածնվում է եւ նոր ոգի ձեռք բերում, ասել է նա:
Բակո Սահակյանն ընդգծել է պետության զարգացման գործում բանակի դերը: «Բանակը ծնվեց պատերազմի կիզակետում: Այն պատվով է կատարում իր առաքելությունը: Նրա շնորհիվ ապահովվում է խաղաղությունը եւ կայունությունը, դա անվիճելի իրականություն է, որի հետ պետք է հաշվի նստել», - նշել է Բակո Սահակյանը: Նրա խոսքով` ԼՂՀ իշխանություններն անում են ամեն ինչ բանակի հզորության ապահովման եւ նրա ցանկացած առաջադրանքի կատարման համար:
«Անկախ եւ ազատ Արցախը մեծ արժեք է համայն հայության համար», - ընդգծել է ԼՂՀ-ի նախագահը`հավելելով, որ համայն հայության ջանքերով Արցախը ոչ միայն ապաքինվեց վերքերից, այլեւ կայուն զարգացման ուղին բռնեց: Արյան գնով անկախությունը նվաճած Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի արժանապատիվ ապրելու, եւ մենք ջանքեր չենք խնայի դրա համար, հայտարարեց Բակո Սահակյանը:




























