Նոր կոալիցիայի ձեւավորման հարցը քննարկման փուլում է: Այդ մասին մայիսի 9-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով Հաղթանակի զբոսայգի էր այցելել հարգանքի տուրք մատուցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին:
«Այդ հարցն այժմ քննարկման փուլում է»,- ասել է Տիգրան Սարգսյանը` պատասխանելով խորհրդարանում կոալիցիա կազմելու հնարավորության մասին հարցին:
Իսկ այդ քննարկումներում նոր կոալիցիայի քանի՞ սցենարներ կան, հարցին էլ կատակով արձագանքեց. «16 սցենար»:
Ինչ վերաբերում է շրջանառվող խոսակցություններին, թե ինքն է լինելու ԱԺ նախագահը, վարչապետն արձագանքեց, որ տարբեր բաներ են ասում, իսկ ինքն այսօր միայն ասում է. «Շնորհավոր մեր վետերանների տոնը»:
«Փոփոխությունները լինելու են այնքան, որ ժողովրդի իրավիճակը բարելավվի եւ մարդիկ իրենց մաշկի վրա զգան այդ փոփոխությունները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Նշենք, որ մայիսի 6-ին կայացած ընտրություններին Հայաստանի հանրապետական կուսակցությունն ստացել է 44,05 տոկոս (663 066 ձայն), «Բարգավաճ Հայաստանը»` 30,20 տոկոս (454 684 ձայն), Հայ ազգային կոնգրեսը 7,10 տոկոս (106 910 ձայն), «Ժառանգությունը»` 5,79 տոկոս (87 095 ձայն), ՀՅԴ-ն` 5,73 տոկոս (86 296 ձայն), «Օրինաց երկիրը»` 5,49 տոկոս (82 690 ձայն), Հայաստանի կոմունիստական կուսակցությունը` 1,06 տոկոս (15 933 ձայն), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը` 0,37 տոկոս (5633 ձայն), «Միավորված հայերը»` 0,20 տոկոս (3080 ձայն):
Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է 5 տոկոս-ից ավելի հավաքել, իսկ դաշինքներին` 7 տոկոս-ից: Այդկերպ, Հայաստանի խորհրդարան կմտնեն 5 կուսակցություններ եւ մեկ քաղաքական դաշինք:
Մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ն ունի 29 մանդատ, ԲՀԿ-ն` 8: Մեկական պատգամավոր էլ ընտրվել են ՀՅԴ-ից եւ ՕԵկ-ից: Խորհրդարան են անցել եւս երկու անկախ պատգամավորներ:




























