Ուկրաինական Լվով եւ Իվանո-Ֆրանկովսկ քաղաքներում, այսօր` մայիսի 9-ի գիշերը, որոշում են կայացրել հասարակական կազմակերպություններին եւ կուսակցություններին արգելել զինվորների գերեզմանների մոտ Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներ անցկացնել` վախենալով ուլտրաաջերի եւ վետերանների ու ձախերի ներկայացուցիչների բախումների հավանականությունից:
Իվանո-Ֆրանկովսկի քաղաքապետարանի քարտուղարի խոսքով` ձախերը մտադրվել էին վետերանների հետ գնալ Երկրորդ համաշխարհային պատերազմի զինվորների գերեզման, միաժամանակ ակցիաներ էին ուզում անցկացնել աջ կազմակերպությունները:
«Կարմիր դրոշների եւ Կոմկուսի խորհրդանիշների կիրառումը կարող է հարուցել վեճեր եւ բախումներ, ուստի արգելեցինք բոլոր միջոցառումները», - ասել է քարտուղարը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել հարեւան Լվովում: Այնտեղ եւս դատարանը մերժել է բոլոր կուսակցություններին եւ կազմակերպություններին իրենց միջոցառումներն անցկացնել Փառքի բլուրում եւ Մարսի դաշտում:
«Դիմակայությունը բացառելու համար, ինչպես դա եղավ նախորդ տարի, որոշում է կայացվել մերժել բոլորին», - հաղորդում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը:
Նացիոնալիստների կողմից սադրանքները արեւմտյան տարածաշրջանում տեղի են ունենում մայիսի 9-ի առավոտից: Հովերլա լեռան ստորոտում ուլտրաաջերն այրել են ԽՍՀՄ-ի կարմիր դրոշը, Հաղթանակի խորհրդանիշը եւ իրենց հակառակորդների` Տարածաշրջանների իշխող կուսակցության խորհրդանիշը:
Տերնոպոլում, Լվովում եւ Իվանո-Ֆրանկովսկում Հայրենական պատերազմում զոհված զինվորների գերեզմանների վայրում իրավապահ լրացուցիչ ուժեր են տեղակայված` վետերանների հետ բախումներ թույլ չտալու համար:




























