Տավուշի մարզում, մայիսի 8-ին, երեկոյան ժամը 21.00-ից մինչեւ գիշերվա 2-ը գնդակոծվել է Մովսես գյուղը, իսկ մինչ այդ` Չինարի գյուղը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Մովսես գյուղի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանը: Նրա խոսքով, կրակոցներն սկսվել են գիշերը, երբ բնակիչներն արդեն իրենց տներում են եղել, հետեւաբար զոհեր եւ տուժածներ չկան: Փոխարենը տուժել են գյուղի տները եւ տանիքները:

Նա նշեց, որ կրակահերթերը եղել են բոլոր սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, բայց հիմնականում Ներքին կարմիր Մովսես եւ Չինարի: Գյուղապետի փոխանցմամբ, մեր կողմից անվտանգությունը ապահովվել է: «Այսօր գնդի հրամանտարին էլ եմ շնորհակալություն հայտնել, որ նորմալ գյուղերի պաշտպանությունը կազմակերպել են»,-ասաց նա:

Իսկ Չինարի գյուղի գյուղապետը Սամվել Սաղոյանն ասաց, որ  մոտավորապես 3.5 ժամ է տեւել իրենց գյուղի ուղղությամբ հակառակորդի կրակոցները 20.30-ից մինչեւ 24.30-ը: «Փառք Աստծո մարդկային կորուստներ չկան, բայց բնակարաններին վնաս հասցվել է»:

Հարցին, թե ներկա պահին ինչպե՞ս է գյուղի բնակիչների տրամադրությունը, նա արձագանքեց. «Շատ բարձր տրամադրությամբ սեղանները գցել երգում ենք, քեֆ ենք անում եւ նման կերպ Հաղթանակի օրն ենք նշում»: