Վաղ առավոտյան իրավապահները գործողությունները միանշանակ սպասելի էին, իրավական ոչինչ չկա, երկիրը գտնվում է տոտալ բռնապետության կամ ավտորիտարիզմի ռեժիմում, և այստեղ ամեն ինչ կատարվում է ենոքավանցի ինքնահռչակի (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին–խմբ) ցուցումներով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6–ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցած, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Սահմանադրական դատարանը լրիվ լեգիտիմացրեց ԿՀ-ի բեզպրիդելը, ակնհայտորեն երկրում տեղի է ունեցել պետական հեղաշրջմանը նմանվող ինչ-որ բան, որովհետև ապօրինի միջամտություններով ազդել են Ազգային ժողովի խճանկարի վրա։ Ակնհայտորեն մի մարդ, որ այդպես էլ չի հանդարտվում, ամբողջ քարոզարշավի ընթացքում խոստանում էր պատժել կոնկրետ  մարդկանց, կուլակաթափ անել, նստացնել։ Ակնհայտ էր, որ այս ամեն ինչը բերելու է հենց այս հետևանքին, խիստ կանխատեսելի իրադարձություն էր։ Ժամկետն էլ պատահաբար ընտրված չի, ՍԴ նիստին անմիջապես հաջորդող իրադարձություն է։ Եթե բարձր դատարան է երկրում հավաքականորեն դարձրել է Վահագն Հովակիմյան՝ այդ անհաջող նկարիչը, բնականաբար իրավապահ մարմիններն էլ պիտի դառնան Վահագն Հովակիմյան։ Դա մարդու կերպար է, որը խորհրդանշում է ստորաքարշորեն Նիկոլ Փաշինյանի ծառայելը։

Մինչև հունիսի 7–ը մենք մի քիչ այլ Հայաստանում էինք ապրում, ունեինք այլանդակ իշխանություն, որը պետական, ազգային բոլոր կարմիր գծերը տրորել էր, բայց այնուամենայնիվ այդ իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ չէր դրվում։ Հունիսի 7–ին այդ ամեն ինչին ավելացավ նաև այն, որ հիմա ինքնահռչակ, ոչ լեգիտիմ իշխանություն ունենք։

Այս մարդը առանց տուրբուլենտության իշխանությունը պահել չի կարող, անընդհատ պիտի երկրում ռեպրեսիաներ լինեն, ինչ-որ թշնամու կերպարներ ստեղծեն։ Այսօր Ծառուկյանն է, վաղը կարող է լինի Սամվել Կարապետյանը, Քոչարյանը և այլն։ Ինքը անուններն էլ է տվել, այս անգամ ինքը շատ բացահայտորեն տվել է մարդկանց անունները։

Իմ կանխատեսմամբ, այս իշխանությունը կպահպանվի մինչև 1–1.5 տարի, բայց մինչև այդ ինքը բոլոր հնարավոր ձևերով նաև աշխարհաքաղաքական որոշակի կենտրոնների բացահայտ հովանավորությամբ անելու է այս այլանդակությունները»,–ասաց նա։

Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր պետական ինստիտուտները դարձրել է քաղաքական հաշվեհարդարի գործիք, և այդ պայմաններում չէր կարելի ակնկալել, որ ՍԴ–ն կհամարձակվի իր քմահաճույքից դուրս որոշում կայացնել։

«Խորհրդանշական է, որ հենց այսօր ինքը Ռուսաստան է գնում Միշուստինի հետ բանակցություններ։ Խելամիտ ղեկավարը, ճիշտ հակառակը, պիտի փորձեր հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի ֆոնին երկրում լիցքաթափող քայլեր անել, բայց այստեղ էլ ինքը գործում է իր արժեհամակարգին համապատասխան, այսինքն փորձում է ռուսներին ցույց տալ, որ ես բոլորի հարցերը լուծելու եմ, միակ մարդը, ում հետ պիտի պայմանավորվեք Հայաստանում, դա ես եմ։

Շուտով ընդհանրապես լրատվամիջոցները հարցազրույց չեն կարողանալու անել, փողոցում մարդ են ձերբակալելու, տաղավարներից և այլն։ Մենք մտել ենք ավտորիտարիզմի հենց այդ փուլը։ Հայաստանը չունի ռեսուրս երկարաժամկետ կտրվածքով նման ավտորիտար ռեժիմ հանդուրժելու։

Եթե ընտրությունների ինստիտուտի նկատմամբ հավատը զրոյացվում է, հասարակական տրամադրությունները դառնում են ավելի արմատական։ Դա այլ տարբերակ, քան հեղափոխական հանգուցալուծումներն են, չի ունենալու»։

Հարցին՝ ի՞նչ կարելի է կանխատեսել այս գործողություններից, Սուրեն Սուրենյանցը պատասխանեց. «Ամենավատ սցենարը։ Ես իրավաբան չեմ, որ կանխատեսում անեմ, բայց ինքը պարզ անոնսավորել է, չէ, որ երեք լիդերներին էլ նստացնելու է։ Ամենավատ սցենարը պետք է սպասել, գնալու է տոտալ ձերբակալությունների ու կալանքների»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 6–ի վառ առավոտյան խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։ Ավելի ուշ ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։

ԲՀԿ անդամ Արման Աբովյանը հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ–որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են։ Ավելի ուշ Աբովյանը նոր տեսանյութ է տարածել Ծառուկյանի տան դիմացից՝ նշելով, որ վերևում դրոններ են աշխատում. «Որոշ տվյալներով նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող կամ նրա հետ կապ ունեցող վայրեր են մտել խուզարկության.  Խոսքը վերաբերում է Կոնյակի գործարանի, Օլիմպավանի, «Մուլտի վելնես» ընկերության մասին է»։

Այս առնչությամբ Քննչական կամիտեից NEWS.am—ին միայն հայտնել էին. «Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, ավելի ուշ հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ՝ Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու, որն այդպես էլ չէր քննարկվել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավում սպառնացել էր ունեզրկել ու կալանավորել իր ընդդիմախոսներին։ Մասնավորապես, խոսքը Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի մասին էր։