«Արարատցեմենտում», «Մուլտի վելնեսում», Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատում, «Մուլտի սթոուն» ընկերություններում, «Օլիմպավանում» և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում խուզարկություններն ավարտվել են։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 6–ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց նրա խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Ցավով պետք է հայտնեմ, որ Հայազտանի ազգային օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է և դադարեցվել է գործունեությունը։ Սա միջազգային մակարդակի խայտառակություն է, որովհետեւ սրանով շատ մեծ վնաս է հացվում Հայաստանի միջազգային հեղինակությանը։ Աշխարհում նման նախադեպ չի եղել։ Առավել քան վստահ եմ, որ այս գործողության աղետաբեր հետևնքները ՀՀ իշխանությունները և այն անձինք, որոնք ստանձնել են այս ամբողջ գործընթացի պատասխանատվությունը, շատ կարճ ժամանակահատվածում իևրենք տեսնելու են։
Կապարակնքվել է նաև «Արարատցեմենտ» գործարանը, Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատը, կոմբինատի հարևանությամբ գտնվող վարչական շենքը՝ քաղաքապետարանի դիմաց գտնվող բարձր աշտարակը։ Վարչական շենքը ևս կապարակնքվել է, այդտեղ «Մուլտի գրուպ» կոնցեռնի գրասենյակներն են ու հաշվապահությունը։
«Մուլտի սթոուն» ընկերությունը, որ քարերի արտադրությամբ է զբաղվում, ևս կապարակնքված է և դադարեցված է գործունեությունը։ «Օլիմպավանում» դեռ գործողությունները շարունակվում են, բայց այդտեղ ունենք խնդիր, քանի որ ԱՄՆ–ի ըմբշմարտի հավաքականն էր մարզվում այդտեղ, UFC վարկածով աշխարհի չեմպիոն ունենք, ով մարզումներ էր անցկացնում, և այդ մասով լրջագույն խնդիրներ են առաջացել։
«Փարավանում»՝ «Մուլտի գրանդ» հյուրանոցում շարունակվում են խուզարկությունները։
Բոլոր այդ ընկերությունները, մասնավորապես, «Արարատ ցեմենտ» գործարանը, «Մուլտի սթոունը», «Մուլտի վելնեսը», Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատը, որոնք կապարակնքվել են ՔԿ–ի կողմից, բոլոր աշխատակիցները դուրս են բերվել, այդ թվում անվտանգության աշխտակիցները, սպասարկող անձնակազմը, ինչը անվտանգության լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել, որովհետեւ դրանցից մի մասը գործարաններ են, որտեղ կան պայթյունավտանգ նյութեր։ Այս մասով մեր իրավաբանները զբաղվում են, որ բողոքարկման գործընթաց սկսենք, որ գոնե այդ հիմնարկների անվտանգությունը կարողանանք ապահովել»։
Նշենք, որ այսօր առավոտից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող մի քանի տասնյակ ընկերություններում համաժամանակյա խուզարկություններ են ընթանում։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 6–ի վառ առավոտյան խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։ Ավելի ուշ ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
ԲՀԿ անդամ Արման Աբովյանը հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ–որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են։ Ավելի ուշ Աբովյանը նոր տեսանյութ է տարածել Ծառուկյանի տան դիմացից՝ նշելով, որ վերևում դրոններ են աշխատում. «Որոշ տվյալներով նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող կամ նրա հետ կապ ունեցող վայրեր են մտել խուզարկության. Խոսքը վերաբերում է Կոնյակի գործարանի, Օլիմպավանի, «Մուլտի վելնես» ընկերության մասին է»։
Այս առնչությամբ Քննչական կամիտեից NEWS.am—ին միայն հայտնել էին. «Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ՝ Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու, որն այդպես էլ չէր քննարկվել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավում սպառնացել էր ունեզրկել ու կալանավորել իր ընդդիմախոսներին։ Մասնավորապես, խոսքը Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի մասին էր։











