Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյն առանց երկիմաստության Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովին հասկացրել է, որ չարժե մեկնել Բրյուսել` մայիսի 15-ին կայանալիք Ուկրաինա-Եվրոպական խորհուրդ համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու: Այդ մասին Ռոմպեյը հայտարարել է «Եվրոնյուզ» հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
«Երբ Ուկրաինայի վարչապետը հաղորդեց Բրյուսել մեկնելու մտադրության մասին, մենք ասացինք. «Հարկ չկա, մնացեք տանը»:
Մեր կողմից դա առանց երկիմաստության վկայում է, որ Ուկրաինայում պետք է փոփոխություններ կատարվեն», - ասել է Եվրոպական խորհրդի նախագահը:
Նա նաեւ նշել է, որ 2011թ. ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ Կիեւում գտնված ժամանակ իրենք Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ «ժամերով զրուցել են» ասոցիացիայի մասին համաձայնագրի թեմայով:
«Մենք անմիջապես նշեցինք, որ այն կարող ենք վավերացնել միայն այն դեպքում, եթե երկիրը պահպանի մեր ընդհանուր արժեքները: Ըստ մեզ, Ուկրաինան անթույլատրելի պահվածք է ցուցաբերում Յուլիա Տիմոշենկոյի հանդեպ: Մենք այդ մասին բացահայտ ասացինք նախագահ Վիկտոր Յանուկովիչին», - ասել է Վան Ռոմպեյը:
Միաժամանակ, ԵԽ-ում Ուկրաինայի առաքելությունից «ՈՒՆԻԱՆ»-ի թղթակցին Բրյուսելում հայտնել են, որ առայժմ տեղեկատվություն չունեն մայիսի 15-ին կայանալիք Ուկրաինա-Եվրոպական խորհուրդ համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու հնարավոր կասեցման վերաբերյալ, որին պետք է մասնակցեն Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, Եվրոպական խորհրդի Ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն, ԵԽ երկրների արտգործնախարարներ եւ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:




























