Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում մայիսի 8-ին, Մեծ եռատոնին նվիրված միջոցառումների ընթացքում կայացել է քաղաքի հիմնի պրեմիերան, գրում է «Կավկազսկի ուզել»-ի թղթակիցը:

«Շուշիի հիմնի երաժշտության հեղինակը Սան Ֆրանցիսկոյում բնակվող հայ երգահան Ավետիս Բերբերյանն է, խոսքերը` բանաստեղծուհի Նուշիկ Միքայելյանի: Հիմնը կատարում է Արցախի  պետական «Վարարակն» երգչախումբը», - հայտնում է մշակույթի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Հասմիկ Միքայելյանը:

Երգահան Ավետիս Բերբերյանը նկատել է, որ երբ 20 տարի առաջ առաջին անգամ եկել է Լեռնային Ղարաբաղ, տպավորված է եղել այդ տեղանքով:

«1989թ. առաջին անգամ եկա Արցախ: Հենց այդ ժամանակ ոգեշնչված գրեցի  «Ուրախ ապրիր, Ղարաբաղ» քայլերգը, որն այդպես էլ չհաջողվեց ձայնագրել: 20 տարի անց գրեցի Շուշիի հիմնը», - խոստովանել է երգահանը, գրում է  «Երկրամասը»:

Շուշիի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լեոնիդ Հարությունյանը նշել է, որ «նախկինում Շուշին իր պատմական արժեքն է ունեցել, եւ անհրաժեշտ է, որպեսզի քաղաքը առաջվա նման դառնա»:  «Շուշիի հիմնն արժանի սկիզբ է քաղաքի երբեմնի փառքը վերականգնելու համար: Ես միայն կարող եմ ողջունել նման սկիզբը», – ասել է Հարությունյանը: