Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն դադարեցրել է հացադուլը: Այդ մասին հայտնել է «Շարիտե» կլինիկայի բժիշկ Լուտց Հարմսը, ով նրա բուժումն իրականացնում է Խարկովի հիվանդանոցում:

«Այսօր ես նայեցի հիվանդին եւ բուժման որոշակի ծրագիր մշակեցի: Մենք կամաց-կամաց կսկսենք նրան հանել հացադուլի վիճակից:

Սկզբում դրանք կլինեն ջուրն ու հյութերը, իսկ դրանից հետո նա պինդ սնունդ կընդունի»,- հայտնել է նա լրագրողներին:

Նրա խոսքով, առաջիկայում Տիմոշենկոն ֆիզիոթերապիա ու բուժական պրոցեդուրաներ կանցնի:

Դեղամիջոցներով բուժումը սկսվելու է ավելի ուշ: Հարցին, թե որքան կտեւի բուժումը, բժիշկն ասել է. «Կարծում եմ` ութ շաբաթ, բայց ոչ մեկ ամսից քիչ»:

Տիմոշենկոն հացադուլի մեջ է եղել 20 օր: