Բելգիան շարունակում է մնալ Հայաստանից ադամանդներ ներմուծող հիմնական երկիրը, սակայն 2011 թ. ադամանդների արտահանման ոլորտում առկա է որոշ դիվերսիֆիկացիա:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հրապարակման` 2011 թ. Հայաստանից արտահանվել է 351 հազ. կարատ ադամանդ` 113 մլն դոլար ընդհանուր մաքսային արժեքով: 2010 թ. համեմատ ադամանդի արտահանման ֆիզիկական ծավալները նվազել են, սակայն արժեքը բարձրացել է: Այսպես` 2010 թ. արտահանվել էր 476 հազ. կարատ ադամանդ, սակայն դրանց մաքսային արժեքը կազմել էր 92 մլն դոլար:
Ադամանդների կեսից ավելին արտահանվում է Բելգիա` մոտ 70 մլն դոլարի չափով, կամ Հայաստանում վերամշակվող ադամանդի մոտ 62%-ը; Սակայն 2011 թ. Հայաստանից ադամանդ ներմուծող երկրների թվում ավելացել են երկուսը` ԱՄՆ-ը եւ Հոնկոնգը: ԱՄՆ է արտահանվել մոտ 6 մլն դոլարի ադամանդ, ու դա երկրորդ ցուցանիշն է; Հայաստանը մինչ այդ ադամանդի ամերիկյան շուկայում նշանակալի ներկայություն չի ունեցել: Ամերիկյան շուկայում հիմնականում գործունեություն է ծավալում «Լորի» ընկերությունը; Հոնկոնգ արտահանվող ադամանդի ծավալներն առայժմ մեծ չեն` 1.8 մլն դոլար;
Հայաստանից ադամանդի ներկրման երրորդ խոշոր երկիրը դարձել է Արաբական միացյալ էմիրաթները` մոտ 6 մլն դոլար: 2010 թ. համեմատ ԱՄԷ արտահանվող ադամանդի ծավալը ավելացել է մոտ 4 անգամ:
Հայկական ադամանդի խոշոր գնորդ է նաեւ Կանադան` 4.5 մլն դոլար (աճը նախորդ տարվա համեմատ 3 անգամ):
Հայաստանից ադամանդի ներկրումը 2011 թ. նվազեցրել են Հնդկաստանը` 2 անգամ (2.4 մլն դոլար), իսկ Շվեյցարիան համարյա դադարեցրել է ադամանդ ներկրել, թեեւ նախկինում էլ աչքի չէր ընկնում ներկրման մեծ ծավալներով:




























