Այս դատական նիստի ընթացքում մեղադրանքից քարը քարին չի թողնվել, նման փուչ մեղադրանք դժվար էր պատկերացնել նման գործով. եթե նույնիսկ այս հետապնդումները պետք է կազմակերպեին, պետք է մի քիչ ավելի լուրջ մեղադրանք մտածեին, որովհետև այստեղ հանցագործության դեպք էլ չկա։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 7–ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Էմին Խաչատրյանը։
«Այստեղ անգամ բիզնես վեճ էլ չկա, այստեղ ուղիղ իմաստով պետք է պարոն Ծառուկյանը ճանաչվի տուժող, ուղղակի այս պարագայում տուժողին տրվել է մեղադրյալի կարգավիճակ։ Այս քաղաքական հետապնդումների ֆոնին բոլոր գործերը ակտիվացան մեկ գործում։ Նույնիսկ 2020 թվականին Կոտայքի քննչականում քննվող գործով ակտիվացան, 2019 թվականին հարուցված գործով ակտիվացան։ Ոչ ոք մեզ չի պատասխանում, թե ինչու։ Բոլորն ասում են՝ մենք հիմա զբաղված ենք զուտ իրավական պրոցեսներով։ Մենք կզարմանայինք, որ այլ կերպ մեկնաբանեին, ասեին՝ մենք հենց հիմա զբաղված ենք քաղաքական հետապնդումներով։
Այս ամենը արագ կատարվում է զուտ մի բանի համար, որպեսզի պարոն Ծառուկյանին բերեն դատարան ու պարտադիր ունենան կալանքի որոշում, որովհետև հիմա կազմված է քննչական խումբ, գործը հանձնարարված է քննչական խմբին, բայց այն գործողությունները, որոնք պետք է արագ կատարվեն քննչական խմբի կողմից, որ օբյեկտիվ իրականությունը մի քայլ շուտ բացահայտվի, դա չի կատարվում, որ հիմա դատարանում գան մեր գործընկերները, պնդեն, որ դեռ նախնական փուլ է, ժամանակ է պետք, որ այս անենք, այն անենք»,–ասաց նա։
Պաշտպաններից Երեմ Սարգսյանն էլ հավելեց. «Իրանի դատարանը վերջնական որոշմամբ հաստատում է, որ իրենց քաղաքացիների գրածը սուտ է, որ այստեղ խարդախության հանցակարգ չկա, սովորական գործարար հարաբերություններ են, իսկ Հայաստանի իրավապահ համակարգը ասում է՝ չէ, նույնը հանցագործություն է, խարդախություն է, և այդ պարագայում, երբ որ նաև կա նրանց դեմ տրված հաղորդում, դրան ընթացք չեն տալիս, իսկ սա 1-2 օրում հրատապ քննությունով առաջ են տանում։ Այսինքն ակնհայտ էր, որ առիթ էր պետք Ծառուկյանին ձերբակալելու համար, ինչը արվեց»։
Նշենք, որ այս պահին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունն ավարտվել է։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանը նախապես կտեղեկացնի հրապարակման որոշման հրապարակման մասին։
Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
Ավելի ուշ առանձնատան խուզարկության ավարտից հետո Ծառուկյանը ձերբակալվել է և տեղափոխվել Քննչական կոմիտե։ Նրա հետ միաժամանակ ձերբակալվել է ևս մեկ անձ։
Քննչական կոմիտեն իր հաղորդագրությամբ ներկայացրել է, թե ինչի համար է ձերբակալվել Ծառուկյանը. «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում»։
Ծառուկյանը մեղադրանքը «սուտ, սարքած, փուչիկ» է որակել։
Ծառուկյանի փաստաբանն էլ երեկ մեղադրանքը «աբսուրդային ու ծիծաղելի» էր որակել՝ նշելով. «Էնտեղ, որտեղ Ծառուկյանը կամ նրա հետ որևէ կերպ փոխկապակցված ընկերությունը պետք է ճանաչվեր տուժող, էս դեպքում իրեն վերածել են մեղադրյալի»։











