Հաղթանակի տոնի օրը Հայաստանում նշելու համար հատուկ Արգենտինայից ժամանած 92-ամյա Թորգոմ Կանազյանը, Խարկով քաղաքից 40 կմ հեռավորության վրա մարտի մասնակցած 3 հազար զինվորներից մեկն է, որոնցից ընդամենը 63 են կենդանի մնացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Թորգոմ Կանազյանը:

Վերջինս համաձայնեց պատմել Երկրորդ համաշխարհային պատերազմից մի դրվագ: Նրա խոսքով, 1941թ-ի դեկտեմբերի 31-ի Նոր տարին արդեն տանը չի դիմավորել, քանի որ տարել են պատերազմ:

Նրա հիշելով 40 վագոն զինվոր Երեւանից  իր հետ տարել են պատերազմ եւ երբ օրեր անց հասել են Խարկով քաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվող Կրիստիչ անունով գյուղը, իրենց կանգնեցրել են, 100 գրամ օղի բաժանել յուրաքանչյուրին, հրահանգել, որ հետ գնալ չկա:

«Հետո ասացին, որ գրոհ են սկսում: Դա ասելուն պես մենք շախմատի պես բաժանվեցինք, որ գնդակը բոլորիս չսպանի: 10 րոպե հետո ինչպես երկնքից կարկուտն է տեղում, ամեն կողմից գնդակոծության տակ էինք: Երկնքից մադկանց մարմնի կտորներ էր թափվում: Բոլորս ցեխի, ձյան ու արյունի մեջ էինք շրջապատված մարդկանց դիակներով: Այդ գնդակոծումը 30 րոպե տեւեց եւ Աստված ինձ պահեց»,- պատմում է Թորգոմ պապը:

Վերջինս կարծել է, թե ինքն էլ է վիրավորվել, բայց բարեբախտաբար այդպես չի եղել: Առավոտյան պարզվել է, որ 3 հազար հոգուց  63 հոգի են ողջ մնացել: Թորգոմ պապի խոսքով, անմիջապես նոր 3 հազար մարդ բերեցին, համալրեցին զորակազմը եւ իրենք շարունակել են պայքարը ուրիշ ճակատում մինչեւ պատերազմի ավարտը: