Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում երեկ կեսօրից հետո տեղացած ուժգին կարկուտն ու փոթորիկը մեծ վնասներ են հասցրել գյուղատնտեսությանը։ Վնասվել են ջերմոցները, ոչնչացել բերքի զգալի մասը, տապալվել են էլեկտրասյուներ, ինչի հետևանքով գյուղը ժամեր շարունակ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
NEWS.am-ի հետ զրույցում Երասխահունի համյնքապետ Նարեկ Փանոսյանն ասաց, որ այս պահին ստեղծված հանձնաժողովը գնահատում է բնակիչների կրած վնասների չափը։
«Ուժեղ քամին վնասել է ջերմոցների ծածկերը, կարկուտը ոչնչացրել է մշակաբույսերի մեծ մասը։ Մի քանի տեղ էլեկտրասյուներ ու արագիլների բներ են վնասվել, ինչի հետևանքով հոսանքազրկումներ են եղել։ Էլեկտրացանցի մասնագետներն աշխատում են վթարները վերացնելու ուղղությամբ, իսկ վնասների հաշվարկը դեռ շարունակվում է»,- ասաց նա։
Տուժած գյուղացիների խոսքով՝ մի քանի րոպե տևած կարկուտն ու փոթորիկը ոչնչացրել են ամիսների աշխատանքը։ Շատերը ջերմոցները կառուցել էին վարկային միջոցներով և այժմ կանգնել են լուրջ ֆինանսական խնդիրների առաջ։
Վնասներ կրած բնակիչներն այսօր փակել էին Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհը՝ պահանջելով, որ կառավարությունը փոխհատուցի կրած վնասները։
Ավելի ուշ ճանապարհը բացվել է, իսկ Արմավիրի փոխմարզպետը տեղում հանդիպել է գյուղացիներին՝ նշելով, որ վնասները կգնահատվեն, իսկ աջակցության հնարավոր տարբերակները կքննարկվեն։











