Ինդոնեզական լրատվամիջոցները հայտնում են, որ նախանշված տարածքում ուղղաթիռներով որոնումների ժամանակ օդում նկատվել են կտորներ, որոնք կարող են պատկանել մայիսի 9-ին կորած Sukhoi SuperJet-100 ռուսական ինքնաթիռին:
Ավելի վաղ Ջակարտայում գտնվող ռուս բլոգեր Սերգեյ Դոլյան հայտնել էր, որ ռազմական ուղղաթիռները գտել են SSJ-100-ի գտնվելու վայրը: Դոլյան նաեւ հայտնել էր, որ մոտ ժամանակներում ոչ մի մեկնաբանություն չի անի:
«Մինչեւ պաշտոնական հայտարարությունը ոչ մեկին մեկնաբանություններ չեմ տալիս: Մի զանգեք», – գրել է dolyasergey-ը, հայտնում է «gazeta.ru»-ն:
Reuters-ը, հղում անելով ինդոնեզական իշխանությունների ներկայացուցիչներին, հայտնում է, որ ինքնաթիռի մասերը հայտնաբերվել էին լեռան շրջակայքում` շուրջ 5500 ոտնաչափ բարձրության վրա (մոտավորապես 1676 մ): Ինքնաթիռում գտնվող մարդկանց ճակատագրի մասին ոչ մի տվյալ դեռեւս չի հաղորդվում:
Sukhoi SuperJet-100-ը, որն իր պատմության մեջ առաջին անգամ իրականացնում էր ցուցադրական չվերթ Ասիայի 6 երկրներով, մայիսի 9-ին կորել էր Ջակարտայում ցուցադրական թռիչքից հետո: Ըստ ճշտված տվյալների ինքնաթիռում գտնվում են 48 մարդ` հինգ երկրների քաղաքացիներ` ներառյալ 8 ռուս: Ինդոնեզիայի ավիաիշխանություններն ինքնաթիռի առեւանգման վարկածը, ինչպես նաեւ նրա բախումը լեռան հետ չեն բացառում:




























