Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ Իրանին նոր հարվածներ հասցնելու սպառնալիքներով, վկայում են ոչ թե Վաշինգտոնի ուժի, այլ Թեհրանի նկատմամբ ճնշման քաղաքականության ձախողման մասին:

X սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ իրանցի դիվանագետը քննադատել է ամերիկյան առաջնորդի հայտարարությունները՝ նրան մեղադրելով իրանցի ժողովրդի հասցեին սպառնալիքներ և վիրավորանքներ հնչեցնելու մեջ:

«Թրամփի այսօրվա հայտարարությունները՝ իրանցի ժողովրդին վիրավորելուց մինչև նոր հարձակումների սպառնալիքներ, ոչ թե ուժի նշան են, այլ այն քաղաքականության ձախողման ընդունում, որը տարիներ շարունակ հիմնված է եղել ուժի, պատժամիջոցների ու սպառնալիքների վրա և չի կարողացել ծնկի բերել իրանցի ժողովրդին», - գրել է Ղարիբաբադին:

Դիվանագետը հայտարարել է նաև, որ Թրամփի հետ անհրաժեշտ է խոսել այն լեզվով, որն իբր նա հասկանում է:

«Հանցագործ և մարդասպան Թրամփի հետ պետք է խոսել իր իսկ լեզվով: Թվում է, թե ուժի լեզուն նա ամենից լավ է հասկանում»,- հավելել է Իրանի ԱԳՆ փոխնախարարը:

Ղարիբաբադիի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր շարունակման մասին, ինչպես նաև քննադատել էր Թեհրանի գործողությունները Հորմուզի նեղուցի շուրջ վերջին սրումից հետո: