Հունաստանին ոչ մի կերպ չի հաջողվում կառավարություն ձեւավորել: Մանդատից հրաժարվել է նաեւ «Սիրիզա» ձախ արմատական կոալիցիայի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը:
Մայիսի 9-ի երեկոյան «Սիրիզայի» անդամների հետ հանդիպման ժամանակ նա հայտնել էր, որ նրանք չեն կարողացել իրականացնել ձախ կառավարության մասին երազանքը, եւ մայիսի 10-ին նա նախագահին կհանձնի ստացած մանդատը, հայտնում է lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մանդատից հրաժարվել էր նաեւ «Նոր ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Անտոնիս Սամարասը, որից հետո մանդատը փոխանցվել էր Ցիպրասին: «Նոր ժողովրդավարությունը» մայիսի 6-ի Հունաստանի խորհրդարանական ընտրություններում հավաքել էր ձայների մեծամասնությունը, իսկ «Սիրիզան»` երկրորդն էր:
Այժմ կառավարության ստեղծման իրավունքն անցնում է ընտրություններին երրորդ տեղն զբաղեցրած Համահունական սոցիալիստական շարժմանը (ՊԱՍՕԿ)` նախկին նախարար Ավանգելոս Վենիզելոսի գլխավորությամբ: Եթե ՊԱՍՕԿ-ի առաջնորդին էլ չհաջողվի լուծել այդ խնդիրը, ապա Հունաստանի նախագահը խորհրդարան անցած բոլոր կուսակցություններին կդիմի «միասնական կառավարության» ձեւավորման կոչով: Եթե «միասնական կառավարությունը» չլինի մինչեւ մայիսի 17-ը, ապա Հունաստանում նոր ընտրություններ կհայտարարվեն:




























