Ռուսական Sukhoi SuperJet-100 ինքնաթիռի վթարի վայրի լուսանկարներում, որոնք ներկայացվել էին Ինդոնեզիայի ավիացիոն իշխանությունների կողմից, տեսանելի են միայն մանր բեկորները, խոշոր բեկորներ այնտեղ չկան:
Ըստ լուսանկարների` SSJ-100-ը բախվել է լեռան ուղղահայաց լանջին, բազմաթիվ մանր բեկորներ են մնացել լանջին եւ նետված են մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, բեկորների մի մասը ցած է ընկել:
Ինքնաթիռին ընդամենը մի քանի տասնյակ մետր է մնացած եղել լեռը շրջանցելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ավելի վաղ որոնողական ուղղաթիռների փրկարարները հայտնել էին, որ ինքնաթիռը հայտնաբերվել էր 5200 ոտնաչափ բարձրության վրա (1,6 կմ), ընդ որում` Սալակ լեռան բարձրությունը 2 կմ է:
Ինքնաթիռը ռադարների էկրաններից անհետացել էր մայիսի 9-ին` Ջակարտայում ցուցադրական թռիչքից հետո: Sukhoi SuperJet-100-ն իր պատմության մեջ առաջին անգամ իրականացնում էր ցուցադրական թռիչքներ Ասիայի 6 երկրներով: Ինքնաթիռում գտնվել են 48 մարդ` հինգ երկրների քաղաքացիներ` ներառյալ 8 ռուս:




























