Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր` մայիսի 10-ին, երկու պայթյուն է որոտացել: AFP-ի թղթակիցը հայտնել է, որ քաղաքի շրջաններից մեկում պայթյունից անմիջապես հետո խիտ ծխի երկու սյուն են գոյացել: Դեպքի ճշգրիտ վայրի եւ հանգամանքների մասին չի հաղորդվում, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Ներկա պահին Սիրիայում ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի իրավիճակի կարգավորման ծրագրի շրջանակում գործում է հրադադարի մասին համաձայնագիրը:
Ապրիլի 15-ին Սիրիա է ժամանել ՄԱԿ-ի դիտորդական առաքելության առաջին խումբը, որը պետք է հետեւի հրադադարի մասին համաձայնագրի պահպանմանը: ՄԱԿ-ի ԱԽ-ն ապրիլի 21-ին հավանություն էր տվել Սիրիա 300 դիտորդներ ուղարկելուն` հրադադարը վերահսկելու համար:




























