Ինդոնեզիայում սպասում են Միավորված ավիաշինարարական կորպորացիայի (ՄԱԿ), որին պատկանում է «Սուխոյ» հոլդինգը, Միջպետական ավիացիոն կոմիտեի եւ «Ռոսավիացիայի» ներկայացուցիչների ժամանմանը: Սպասվում է, որ ՄԱԿ-ի ղեկավար Միխայիլ Պողոսյանը Ջակարտա կժամանի տեղական ժամանակով ժամը 7-ին (երեւանյանով`16-ին): Այսօր Ջակարտա կմեկնեն նաեւ Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն ու առեւտրի եւ արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Դենիս Մանտուրովը:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոն հաձնարարել է ռուս մասնագետների հետ աշխատանքային խումբ ձեւավորել` Sukhoi SuperJet-100-ի վթարի հանգամանքները պարզելու համար, որն իր պատմության մեջ առաջին անգամ ցուցադրական թռիչքներ էր իրականացնում:
Ռուսաստանում վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հրամանով դեպքի հետաքննման հանձնաժողով է ստեղծվել:
Sukhoi SuperJet-100 ինքնաթիռը, որն Ասիայի 6 երկրներում իր պատմության մեջ առաջին անգամ ցուցադրական թռիչքներ էր իրականացնում, մայիսի 9-ին կորել էր ռադարների էկրաններից` Ջակարտայում իրականացրած թռիչքից հետո: Ինքնաթիռում եղել է 48 մարդ: Մայիսի 10-ին ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել էին Սալակ լեռան լանջին: SSJ-100-ը բախվել է լեռան ուղղահայաց լանջին:
Ավելի վաղ որոնողական ուղղաթիռների մասնագետները հաղորդել էին, որ ինքնաթիռը հայտնաբերվել է 5200 ոտնաչափ (1,6 կմ) բարձրության վրա, ընդ որում` Սալակ լեռան բարձրությունը մոտ 2 կիլոմետր է:




























