Ֆրենսիս Բեկոնի «Գրող մարդու արտացոլանքը» նկարը Sotheby`s աճուրդում վաճառվել է 44,9 միլիոն դոլարով, նախնական արժեքը 30-40 միլիոն էր: Բեկոնի ստեղծագործությունը ժամանակակից արվեստի աճուրդի թոփ լոտն էր, որը մայիսի 9-ին Նյու Յորքում աճուրդի էր հանել Sotheby`s-ը:
Նման գնով է վաճառվել նաեւ Ռոյ Լիխտէյնշտեյնի «Քնած աղջիկը» նկարը` սահմանելով Լիխտենշտեյնի ստաղծագործությունների գնային ռեկորդ:
Աճուրդի եւս մեկ թոփ լոտ` Էնդի Ուրհոլի «Կրկնակի Էլվիսը» 30-50 միլիոն դոլար արժողությամբ աշխատանքը, վաճառվել է 37 միլիոն դոլարով: Ուրհոլի կտավում ռոքի լեգենդ Էլվիս Փրեսլին հանդես է գալիս քովբոյի կերպարում:
Աճուրդի ընթացքում գնային ռեկորդ են սահմանել նաեւ չինացի նկարիչ-դիսիդենտ Այ Վեյվեյի ստեղծագործությունները: Նրա հախճապակե «Արեւածաղկի սերմերը» վաճառվել են 782,5 հազար դոլարով, հայտնում է lenta.ru-ն:
Նյու Յորքի Sotheby`s աճուրդի տան անցկացրած ժամանակակից արվեստների ստեղծագործությունների աճուրդում ընդհանուր առմամբ 266,6 միլիոն դոլարի լոտ է ներկայացվել: Նմանատիպ աճուրդը, որն անցկացվել էր անցյալ տարվա մայիսին, Sotheby`s-ին բերել էր միայն 128 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ Sotheby`s-ի հիմնական հակառակորդը` Christie`s աճուրդի տունը, հետպատերազմյան եւ ժամանակակից արվեստի ստեղծագործությունների իր աճուրդը Նյու Յորքում անցկացրել էր մեկ օր առաջ` մայիսի 8-ին: Աճուրդի ամենաթանկ լոտն էր դարձել Մարկ Ռոտկոյի «Նարնջագույնը, կարմիրը, դեղինը» կտավը, որը վաճառվել էր ռեկորդային 86,9 միլիոն դոլարով:
Ընդհանուր առմամբ Christie`s աճուրդն իրացրել էր 388,5 միլիոն դոլարի լոտեր:




























