Գործարկվել են մեխանիզմներ, որոնք թույլ կտան լուծել ծաղիկների արտահանման հարցը։ Այս մասին հուլիսի 9-ին Հայաստանի կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա հավաստիացրել է, որ ծաղիկների արտահանումը կտրուկ աճել է․ միայն երեկ արտահանվել է 139 հազար հատ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ շուկայում խնդիրներ են առաջացել՝ կապված ծաղիկների և լոլիկի գների անկման հետ։ Պապոյանը պարզաբանել է, որ ծաղիկների արտահանման մեխանիզմի գործարկումից հետո նման խնդիր պահպանվում է միայն լոլիկի շուկայում։
Նախարարը հայտնել է, որ հունիս-հուլիսին մրգեր արտահանվել են աշխարհի 15 երկիր, ծաղիկներ՝ 29 երկիր, իսկ բանջարեղեն՝ 8 երկիր։ Փաշինյանն էլ հավելել է, որ Հայաստան օրական միջինում մուտք է գործում 10 հազար ուղևոր՝ դա ևս անվանելով «արտահանման ուղղություն»։











