Հայկական ծագման գյուղմթերքի, ինչպես նաև խմիչքների առանձին տեսակների արտահանման աջակցության ֆինանսավորման՝ ավելի վաղ ընդունված ծրագրի շրջանակում արտահանողներին կհատկացվի 3 մլրդ 140 մլն դրամ։ Համապատասխան որոշումը հուլիսի 9-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։
Այս միջոցները կուղղվեն հունիսի համար արտահանողների նկատմամբ պարտավորությունների կատարմանը։
Նշվում է, որ որոշման ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովելու մրգերի (ծիրան, սալոր, կեռաս, ելակ), բանջարեղենի (լոլիկ, պղպեղ), ծաղիկների, շշալցված բնական հանքային ջրի, շշալցված խաղողի գինու և շշալցված հայկական կոնյակի արտահանումը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ հունիսին արտահանման ծավալները մեծ են եղել՝ դա անվանելով հավասարակշռման քաղաքականության դրսևորում։ Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ տարվա ընթացքում պետք է պատրաստվել գյուղմթերքի արտահանման ուղղությունների և ոչ միայն դրանց առավելագույն դիվերսիֆիկացմանը, որպեսզի անհամաչափորեն կախված չլինեն մեկ շուկայից։
Փաշինյանը կոչ է արել տնտեսավարող սուբյեկտներին հարմարվել փոփոխվող պայմաններին և նոր շուկաներին, որոնք ներկայացնում են իրենց չափանիշները։











