«Արարատցեմենտ»-ի աշխատակիցներն այսօր՝ հուլիսի 9–ի առավոտյան ակցիա են իրականացնում գործարանի դարպասների մոտ. նրանք պահանջում են հանել կապարակնիշները, բացել գործարանը և թույլ տալ իրենց աշխատել։

Աշխատակիցները թույլ չէին տալիս իրավապահներին մեքենայով մուտք գործել գործարանի տարածք. «Մեզ պատասխան տվեք։ Ոչ ոք ներս չի մտնելու, պատասխան կտաք, նոր կգնաք առաջ։ Եթե մեր առաջ գործարանը փակ է, ուրեմն իրենց առաջ էլ է փակ։ Սա մեր գործարանն է։

Մեր վարկերն ո՞վ է տալու։ Մեր օրական վարձն ո՞վ է տալու։ Մի հատ բարի մարդ կար Հայաստանում, բռնեցիք, կալանավորեցիք։ Էսօր քանի հազար մարդ մնացել է անգործ։ Ի՞նչ է պատասխան տալու մեզ մեր պարոն Փաշինյանը։ Ժողովուրդը իրեն է ընտրել, որ այսօր այսպես լինի՞, սրա՞ն ենք արժանի մենք»,–ասաց աշխատակիցներից մեկը։

Մեկ ուրիշն էլ հավելեց. «Իմիջիայլոց ասեմ, պարոն Ծառուկյանի մեծահոգությունը։ Էստեղ հավաքվածների երևի կեսից ավելին ընտրել է ՔՊ-ին, որ ավելի լավ լիներ, բայց եկավ հարամ արեց»։

Մեկ ուրիշն էլ առաջարկեց, որ եթե կառավարիչ պետք է նշանակեն, թող շուտ նշանակեն, որ մարդիկ կարողանան աշխատել։

Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։

Ավելի ուշ առանձնատան խուզարկության ավարտից հետո Ծառուկյանը ձերբակալվել է և տեղափոխվել Քննչական կոմիտե։ Նրա հետ միաժամանակ ձերբակալվել է ևս մեկ անձ։

Քննչական կոմիտեն իր հաղորդագրությամբ ներկայացրել է, թե ինչի համար է ձերբակալվել Ծառուկյանը. «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում»։

Ծառուկյանը մեղադրանքը «սուտ, սարքած, փուչիկ» է որակել։