Ինդոնեզական զինվորականներին հաջողվել է վայրէջք կատարել Սալակ լեռան լանջին, որտեղ վթարի էր ենթարկվել Sukhoi SuperJet-100 ինքնաթիռը: Այդ մասին հայտնել է Ջակարտայում ստեղծված  ճգնաժամային կենտրոնի ներկայացուցիչը:

Ավելի վաղ փրկարարները հայտնել էին, որ չեն կարողանում վթարի վայր թռչել մառախուղի պատճառով, եւ խոստացել էին դեսանտ իջեցնել, հենց որ  եղանակային պայմանները թույլ տան:

Ըստ ճգնաժամային կենտրոնի ներկայացուցչի`  ուղղաթիռից պարաններով 6 դեսանտավորներ են իջել լեռան ստորոտ: Հայտնի չէ` արդյոք վթարից փրկվածներ կա՞ն, թե` ոչ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

SSJ-100 ինքնաթիռը լեռանն էր բախվել Ջակարտայում առաջին ցուցադրական թռիչքն իրականացնելիս: Ինքնաթիռում 48 մարդ է եղել` հինգ երկրների քաղաքացիներ` ներառյալ 8 ռուս: Բոլոր ռուսները «Սուխոյ» ընկերության աշխատակիցներ են եղել: