Երբ մենք հարկադիր պարապուրդ էինք ունենում, նվազագույն աշխատավարձը ստանում էինք, իսկ հիմա մենք ոչ թե հարկադիր պարապուրդի մեջ ենք, այլ հենց այնպես կանգնած ենք, 1000 բանվոր այս չորս օրվա համար աշխատավարձ չի ստանալու։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 9–ին, «Արարատցեմենտ» գործարանի դիմաց աշխտակիցների բողոքի ակցիայի ժամանակ նշեց գործարանի լաբորատորիայի վարիչը՝ Զոյա Բալայանը։

«Ամեն տեղը գնալու ենք, այսօր այստեղից ենք սկսում, հետո կգնանք Երևան, ճանապարհները կփակեն, մի բան պիտի անենք։ Արարատ քաղաքը 32 թվականին հիմնվել է «Արարատցեմենտ» գործարանի հիման վրա։ Իսկ եթե չլինի գործարանը, չի լինի քաղաքը, չլինի քաղաքը, չի լինելու ամբողջ գյուղատնտեսությունը, ո՞վ է առնելու իրենց ապրանքը։ Այսօր արդեն ժողովուրդը լացում է, այս իրավիճակից տուժում է հասարակ ժողովուրդը, բոլորը վարկեր ունեն, հիփոթեքեր ունեն։

Մեր պահանջն է, որ գործարանը բացվի, մենք աշխատենք, մենք միշտ աշխատել ենք։ Ի՞նչ գործ ունենք մենք քաղաքական գործերի հետ, թող մեր զավոդը աշխատացնեն»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեն սկսեց լայնածավալ խուզարկություններ իրականացնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանն ու նրան պատկանող օբյեկտներում։ Խուզարկություններից հետո բոլոր օբյեկտները, այդ թվում՝ «Արարատցեմենտ» գործարանի դռները, կապարակնքված են։