Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդեւին` Ռուսաստանի դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, որում ասված է.
«Մեծարգո Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Ձեր նշանակումն այդ պատասխանատու պաշտոնին այն զգալի ավանդի անվիճելի վկայությունն է, որ Դուք ներդրել եք երկրի տնտեսության զարգացման, միջազգային ասպարեզում վերջինիս անվտանգության ամրապնդման եւ հեղինակության բարձրացման գործում: Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը հաջողության գրավական կհանդիսանա Ռուսաստանի Դաշնության կառավարության բոլոր նախաձեռնություններում եւ մասնավորապես, երկրի տնտեսության կայուն աճի ապահովմանն ու արդիականացմանն ուղղված ռազմավարական ծրագրերի իրականացման գործում:
Կցանկանայի նաեւ Ձեզ եւ ռուս ժողովրդին ջերմորեն շնորհավորել մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա առթիվ: Ֆաշիզմի դեմ պայքարում մեր ժողովուրդների գործած սխրանքը մեզ համար մշտական արժեք է եւ ընկալվում է որպես արիության եւ բարձրագույն հոգեւոր արժեքների դրսեւորման օրինակ:
Օգտվելով առիթից` հայտնում ենք մեր պատրաստակամությունն այսուհետ եւս ջանքեր գործադրել մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդման, տնտեսական համագործակցության խորացման եւ հետխորհրդային տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների առաջընթացն ապահովելու համար»:




























