Ավարտվել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ապրանքանիշը Beeline) եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի` Հայաստանի 2 մարզերում ուսուցիչների համար համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված նախագծի առաջին փուլը:
«ԱրմենՏելից» NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 27-ից Հայաստանի 6 գյուղի 74 ուսուցչի համար կազմակերպվել են հատուկ համակարգչային դասընթացներ: Մանկավարժները ձեռք են բերել համակարգչային նոր հմտություններ եւ ծանոթացել կրթական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը:
«Այսօր համակարգիչներ կան շատ ընտանիքներում եւ բոլոր դպրոցներում, եւ մեր նախագծի նպատակն է, որպեսզի ուսուցիչներն ու աշակերտները կարողանան ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ ստանալ նոր գիտելիքներ: Վստահ եմ, որ մեր համատեղ նախաձեռնության շնորհիվ ուսուցիչները կկարողանան կիրառել նոր մոտեցումներ կրթական գործընթացում, իսկ աշակերտները կստանան գիտելիքի նոր աղբյուրների հետ աշխատելու հնարավորություններ», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Շնորհակալ ենք «ԱրմենՏել»-ին՝ աջակցության համար։ Այսուհետ մեր ուսուցիչներն ավելի արդյունավետ կաշխատեն երեխաների հետ, քանզի այսօրվա ՙէկրանային՚ սերունդը ավելի լավ է սովորում, երբ տեխնոլոգիաներն օգտագործվում են ուսուցման գործընթացում»,- նշել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Սերոբ Խաչատրյանը:
Ծրագրի առաջին փուլն իրականացվել է Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի Դալարիկ, Քարակերտ, Մյասնիկյան, Շենիկ, Արագածավան եւ Արտենի գյուղերում: Երկրորդ փուլին կմասնակցի եւս 76 ուսուցիչ:
«ԱրմենՏել» ընկերության եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի փոխգործակցությունն իրականացվում է երկարատեւ համագործակցության մասին հուշագրի շրջանակում: Փաստաթղթի համաձայն, «ԱրմենՏել» ընկերությունը հովանավորում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կրթական, բնապահպանական եւ սոցիալական մի շարք ծրագրերի իրականացումը:




























