Վայոց ձորի մարզի Թառաթումբ գյուղից տեղեկություն է ստացվել, որ գյուղի Չաթմա հանդամասի մոտակայքում ակտիվացած սողանքի հետեւանքով վնասվել է գյուղը սնուցող ջրագծերից մեկը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 8-ին, Քարագլուխ գյուղից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 5-ին գյուղի 3-րդ փողոցի թիվ 48 տան մոտակայքում ակտիվացել է սողանք, որի հետեւանքով տնամերձ հողատարածքից 60 քմ հողազանգված սահել է ձորը:

Դեպքի վայր է մեկնել մարզպետարանի, մարզային փրկարարական վարչության աշխատակիցներից եւ փրկարար ջոկատի անդամներից կազմված հանձնաժողովը:

Պարզվել է, որ Լ. Օհանյանին պատկանող տունը եւ տնամերձ հողամասը գտնվում են թեք լանջի վրա: Տնից 12 մ հեռավորության վրա մոտ 800 խմ հողազանգված սահել է ձորը, որի հետեւանքով վնասվել եւ հողազանգվածի տակ է մնացել գյուղը սնուցող ոռոգման առուն` մոտ 100 մ երկարությամբ:

Սողանքային գոտում առկա են գրունտային ջրերի ելքեր: