Ես իսկապես մինչ այսօր չեմ հասկանում, թե ինչի մեջ եմ մեղադրվում, չեմ հասկանում, թե որ գործողությունն է, որ գործողության շնորհիվ եմ վերացանցել իմ լիազորությունները։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 10–ին, դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Տեսեք, հանդիպում բարձրաստիճան զինվորականների հետ։ Ընտրությունները ավարտվել են, ԿԸՀ–ն որոշումը կայացրել է և երկրորդ տեղը զբաղեցրած և 21.5% հավաքած թեկնածուն հայտարարել է, որ ինքը չի ընդունում արդյունքները, ինքը կրել է ընտրությունները և ինքը պետք է գնա նախագահական պալատ։
Ես պատկերացնում եմ, որ 2021 թվականի ընտրություններում մենք հավաքել ենք 21% և ես հայտարարեի, որ մենք կրել ենք այս ընտրությունները և պետք է գնանք կառավարության շենք, ի՞նչ կլիներ կոնկրետ ինձ հետ։
Իրենք սկսել են ցույցերը օպերայի հրապարակում, սկսել են ներգրավել «Երկրապահին», և կան վանկարկությունները՝ «Մանվել–Մանվել»։ Զուգահեռաբար ԵԿՄ–ի շենքում մի քանի օր շուրջօրյա ժողովներ են գնում՝ միանան ցուցարարներին, թե չմիանան։ Երկրապահի վարչության կեսից ավելին գործող զինվորականներ են։ Այսինքն բանակի ղեկավար մարմնի մի մասը զինված այնտեղ քննարկում է՝ միանան, թե չմիանան։
Երկրի նախագահը ի՞նչ պիտի անի։ Ես Մոսկվա այցից հետ եմ գալիս, հավաքում եմ զինվորականներին և նպատակը հետևյալ է՝ զինվորականներ, ով երկրապահի վարչության կազմում է, կողմնորոշվեք, եթե այնտեղ զբաղվում եք քաղաքականությամբ, ուրեմն ազատվում եք ձեր պաշտոնից, կամ դիմումը գրեք, կամ ազատում եմ։ Ուրիշ հարց չի քննարկվել։ Ես շատ կոշտ խոսեցի ՊՆ նախարարի հետ, ասացի՝ ո՞նց ես թույլ տալիս։ Ես պարտավոր էի դա անել, հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները բարեխիղճ կատարելու համար։ Ցինիզմը չափ պետք է ունենա, թե՞ ոչ։
Այդ օրը բոլոր գործող զինվորականները դուրս եկան ԵԿՄ–ից։ Մանվելը այդ հանդիպմանը չի մասնակցել, ասվել է՝ փոխանցեք իրեն, որ թող գնա տուն, իր հարցերը հետո կլուծվեն։ Նա չի կարող լինել պաշտպանության փոխնախարար և զբաղվել քաղաքականությամբ»,–ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Անդրադառնալով արտակարգ դրություն հայտարարելու իր հրամանագրին, նա ասաց. «Երբ ես ստորագրել եմ հրամանագիրը, արդեն եղել է մոտ 40-45 հրկիզված մեքենա, մի քանի տասնյակ բեկորային վերավորումներ ստացած զինծառայողներ, մեկը շատ ծանր ու մահամերձ վիճակում։ Ես դա չպիտի անեի՞, քննիչը պետք է 15 տարի անց որոշի՝ թե դա անելու բան էր, թե անելու բան չէ՞ր։ Եթե ես այդ ժամանակ դա չանեի, ինձ այսօր իսկապես պետք էր դատել անգործության համար»։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն իր թեկնածուն չէր, այլ ՀՀԿ–ի թեկնածուն էր, և չկա իշխանության փոխանցելու պրոցեդուրա. «Սահմանադրությունը չի նախատեսում նման բան։ Ես զարմանում եմ անգրագիտության աստիճանի վրա, որ նման բան են գրել այս մեղադրանքի մեջ։ Հասկանում է, որ ներկա դատախազը չի գրել, և սա գրվել է այլ գրասենյակներում։
Չեմ կասկածում, որ սա քաղաքական պատվեր է. եթե առաջ պատվերը SMS-ով էին ուղարկում, հիմա հրապարակային են ասում։ Շատ պարզ հրապարակային ասվում է, որ ես պիտի նստեմ»։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների դեմ աղմկահարույց գործով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՍԴ որոշումից հետո, որով մեղադրանքի հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել։ Սակայն Վճռաբեկ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և շարունակում է Քոչարյանին և մյուսներին «մեղադրյալ» և «ամբաստանյալներ» համարել։











