Հայտնի են դարձել Փարպեցի 14/11 հասցեում գտնվող «DIY փաբը» մայիսի 8-ին, առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում պայթեցնողները:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 8-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս ահազանգ էր ստացվել, որ Ղազար Փարպեցիի փողոցի թիվ 14/11 շենքի բակում ռումբ է պայթել:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ օրը, ժամը 05.05-ի սահմաններոմ, եղբայրներ՝ 20-ամյա Արամե եւ 19-ամյա Համբիկ Մ.-երը, նախնական պայմանավորվածությամբ, գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, կոտրել են «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ «Դիայվայ» ակումբի  պատուհանի ապակին եւ նախապես իրենց հետ բերված բենզինով լի շիշը նետել են այնտեղ, որից հետո բաց կրակով հրկիզել են շինությունը:

Մայիսի 9-ին, ժամը 13.00-ին Արամե եւ Համբիկ Մ.-երը Ամիրյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկվել բաժին:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 8-ին, առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում պայթեցրել են Փարպեցի 14/11 հասցեում գտնվող, Ծոմակ Օգանեզովային պատկանող «DIY փաբը»: Սեփականատերը վստահ է, որ դա ատելության նշան է: «DIY փաբի» տնօրեններից Նարինե Քեշիշյանը NEWS.am-ին հայտնել էր, որ պայթեցնողները 4-5 երիտասարդներ են եղել` 20-22 տարեկան, ովքեր պարբերաբար կոնֆլիկտի մեջ են մտել սեփականատերերի հետ: Նրա փոխանցմամբ` ակումբի սեփականատեր Ծոմակ Օգանեզովային հրդեհի մասին տեղեկացրել է իր ընկերներից մեկը: Ըստ Նարինեի, կողքի խանութի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես 4-5 երիտասարդներ ջարդել են պատուհանները, ինչ-որ բան լցրել եւ միանգամից փախել, իսկ ակումբը պայթել է:

Նարինե Քեշիշյանի փոխանցմամբ` այդ երիտասարդներն իր շրջապատի մարդիկ չեն, հաճախորդներ չեն եւ իրենց հետ ոչ մի կապ չունեն: «Մենք իրենց ճանաչում ենք, որովհետեւ իրենք մի քանի անգամ մեր հետ կոնֆլիկտի մեջ են մտել, այսինքն` ակումբի առաջ թքում էին գետնին, հետ էին տալիս, դրանք այն մարդիկ են, ովքեր իրենցից բացի` ոչ մեկին չեն ընդունում, կարելի է ասել չուզողներ, թշնամի, ֆաշիստական ինչ-որ բաներ ունեն իրենց մեջ, մի քանի անգամ տարբեր տեղեր մտել են, խփել են, ջարդել-փշրել»,- ասել էր տնօրենը` հավելելով, որ պայթյունը եղել է ատելության եւ նախանձի հողի վրա:

Պայթյունի հետեւանքով ամբողջ ակումբը` սառնարաններ, խմիչքներ եւ այլն, այրվել է, մնացել է ընդամենը 5-6 աթոռ եւ երկու սեղան: