Ռուսական հատուկ ծառայությունները աբխազ գործընկերների հետ համատեղ կարողացել են կանխել Սոչիի օլիմպիադայի օրերին ծրագրված ահաբեկչական գործողություններ: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական հանձնաժողովը, ահաբեկչության կազմակերպման կասկածանքով ձերբակալվել են աբխազական ջամահաթի` Դոքու Ումարովի ղեկավարած միջազգային ահաբեկչական «Իմարաթ Կավկազ» կազմակերպության մասնաճյուղի ղեկավարության երեք անդամներ:
Հակաահաբեկչական հանձնաժողովի տվյալներով`մայիսի 4-5-ին իրավապահների ձեռքում հայտնվել է հանցագործների զինանոցը` տեղակայված Աբխազիայի տարածքի 10 գաղտնարաններում:
Հաղորդվում է, որ առգրավված զինամթերքի շարքում են «Իգլա» եւ «Ստրելա» երեք զենիթահրթիռային համալիրներ, երկու հակատանկային կառավարվող ռեակտիվ հրթիռներ (ՊՏՈՒՐՍ), ականանետ` 36 լիցքերով, կրականետ «Շմել», 29 նռնակներ, 12 ինքնաշեն ռումբ, 15 հակատանկային եւ հակացամաքային ականներ, 655 նռնակներ, 39 ռումբ եւ 50 լիցք նրանց համար, սնայփերական ինքնաձիգ եւ երկու ինքնաձիգ, 15 կգ թրոթիլ,ավելի քան 10 հազար տարբեր տեսակի փամփուշտներ, ինչպես նաեւ տեղագրական քարտեզներ:
Ռուսաստանի ԱԴԾ-ին հաջողվել է պարզել, որ գրոհայինները նախատեսել էին 2012-2014 թվականների ընթացքում տվյալ զինամթերքը կիրառել Սոչիում Օլիմպիական խաղերի կազմակերպման եւ անցկացման ընթացքում ահաբեկչական ակտեր իրագործելիս, ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է «Իզվեստիան»:
Ըստ օպերատիվ տվյալների` Ռուսաստան ուղարկելուն անմիջական մասնակցություն ունեն վրաց հատուկ ծառայությունները եւ նրանց հետ կապված զինված ապօրինի խմբավորումները Թուրքիայում:
Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի մասնագետները հաստատում են, որ Ումարովն անձամբ է համակարգել զինամթերքների մատակարարումը Սոչի եւ զենքի պահեստների ստեղծումը:




























