Շները եւ կատուները երբեմն սովամահ են լինում` սիրելի տերերի մահից հետո հրաժարվելով սննդից: Անգլիայում տեղի է ունեցել հակառակը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Մայքլ Մաքալիսը` Դորսեթ կոմսության Փարքսթոունի 44-ամյա բնակիչը, այնպես է տանջվել սատկած կատվի համար, որ ինքնասպանություն է գործել: 13-ամյա կատու Սոֆին կաթված էր ստացել  եւ 3 օր անց սատկել էր նրա ձեռքերի վրա: Մայքլն իսկական ցնցում է ապրել: Նա Սոֆիին երեք օր պահել է իր անկողնում, մինչեւ հոտը ստիպել է այրել նրան, իսկ կրիմատորիայի աշխատակցին, որը եկել էր կատվի հետեւից, ասել էր, որ կսպանի իրեն:

Եւ կատարել է իր խոսքը: Սոֆիի սատկելուց 5 օր անց Մաքալիսը YouTube-ում նրա պատվին տեսագրություն էր տեղադրել, որն ուղեկցվում էր ջութակի տխուր երաժշտությամբ: 

Եւ երեք օր անց Մաքալիսի բնակարանում գտել էին նրա դիակը: Կողքին գիրք էր ընկած խորհուրդներով, թե ինչպես վերջ տալ կյանքին: Դիահերձումը ցույց է տվել, որ նա ինքնասպանություն է գործել ուժեղ ներգործող դեղերով:

Մայքլը հատկապես շատ քնաբեր էր ընդունել: Այն մասին, որ կյանքից հեռանալու մասին որոշումն ինքնաբուխ չի եղել, գրում է  Daily Telegraph-ը, եւ նաեւ, որ բնակարանում օրինակելի կարգուկանոն է եղել: 

Ըստ Մայքլի քույր Ջուլիեթ Ուիլերի`  մի քանի տարի առաջ նա շատ էր տառապել նաեւ մոր մահից հետո, սակայն այն ժամանակ ինքնասպան չէր եղել: